«Ադրբեջանի կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում, նույնիսկ ֆիքսված ժամ ունեն՝ «ռազվոդից» հետո կրակում են». Իրավիճակը Մաճկալաշենում և Ճարտարում

Վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար կրակում է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Արցախի Հանրապետությունում թշնամու թիրախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն են։

Հունիսի 14-ին, ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ էր արձակել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ թշնամին տեսնելով, որ խաղաղ բնակիչներն իրենց այգիներում աշխատում են, մի քանի անգամ կրակել է նրանց ուղղությամբ։

Կարդացեք նաև

«Կրակոցների թիրախում է  եղել նաև տրակտորը, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։ Մարդիկ նույն տրամադրությամբ շարունակում են իրենց այգիներում աշխատել։ Թշնամու նպատակն այն է, որ խանգարի մարդկանց աշխատանքին։ Այդ կրակոցների պահին մարդիկ դադարեցրել են աշխատանքը, հետո նորից վերսկսել»,- նշեց Լեռնիկ Ավանեսյանը։

Նա նաև ընդգծեց՝ արտառոց որևէ բան չկա, քանի որ գրեթե ամեն Աստծո օր ադրբեջանական կողմը կրակում է։

«Մենք սովորաբար գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում ենք ռուս խաղաղապահների ներկայությամբ, բայց նայած հատվածներում, երբեմն լինում է, որ նրանք ներկա չեն լինում, թեպետ դա էլ թշնամու վրա չի ազդում, մեկ է՝ կրակում է»,- եզրափակեց Լեռնիկ Ավանեսյանը։

168.amի հետ զրույցում Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր կրակում է։

«Կրակոցներից որևէ մեկը չի տուժել, դրանք կրակոցներ են, որոնք ամենօրյա բնույթ են կրում։ Կարծես սովորություն են դարձրել, նույնիսկ ֆիքսված ժամ ունեն, առավոտյան մոտավորապես ժամը 10։00-ին, երևի «ռազվոդն» ավարտում են, իջնելուց կրակում են մեր ուղղությամբ։ Այսպես ասած՝ «դիժուռնի» կրակոցներ են»,- շեշտեց Վլադիկ Հովհաննիսյանը։

Ճարտարի քաղաքապետի փոխանցմամբ՝ մարդիկ մեր զրույցի պահին էլ աշխատում էին  այգիներում, բայց ոչ  ամենավտանգավոր հատվածներում։

«Մարդուց է կախված, էլի, կան մարդիկ, որ կրակոցներն անտեսում են ու շարունակում աշխատել, մարդիկ էլ կան, որ սպասում են՝ մինչև դադարի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հատկապես վերջին երեք օրերի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի և Արցախի սահմանների տարբեր ուղղություններով վերսկսել է  սադրիչ գործողություններ իրականացնել։ Հունիսի 13-ին նախ կրակեցին  Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվեցին երկու  օտարերկրյա քաղաքացի։ Այնուհետև Հակարիի կամրջի վրայով առաջ էին շարժվել Տեղ համայնքի ուղղությամբ և փորձել տեղադրել ադրբեջանական դրոշը, կրակոցների հետևանքով ՀՀ սահմանապահ էր վիրավորվել։ Դրանից հետո էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է անօդաչու թռչող սարք:

Տեսանյութեր

Լրահոս