Աշոտյանը հայրենիքը հանձնողների ամենասուր քննադատն է. պատժում են քաղաքական բառամթերքի համար. Թովմասյան
«Արմեն Աշոտյանը պատժվում է իր քաղաքական գործունեության, իր քաղաքական բառամթերքի և իր քաղաքական հռետորաբանության համար»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենասուր քննադատն է, և ամենասուր քննադատն է հայրենիքը հանձնող այն իշխանության նկատմամբ, ովքեր արդեն անթաքույց իրենց ծրագրերը ներկայացնում են: Այսօր այստեղ կատարվողը հենց դրա վառ վկայությունն է: Արմեն Աշոտյանին եթե առաջիկայում կալանավորեն, իսկ մենք իմացանք, որ քննիչը մտադրություն ունի միջնորդություն ներկայացնել, որպեսզի կալանավորվի Աշոտյանը, դա նշանակում է, որ մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը:
Այլ վերնագիր հնարավոր չէ տալ այս գործին, այն իմաստով, որ այս քրեական գործը երկար տարիների պատմություն ունի, եթե չեմ սխալվում, հեղափոխությունից հետո այս գործը սկսել է քննվել և տարիներ շարունակ տարբեր առիթներով այս քրեական գործի հիմքերն են փոխվել, փորձ է արվել տարբեր կողմերից մոտենալ գործին, որպեսզի հնարավոր լինի, այնուամենայնիվ, պատժել Արմեն Աշոտյանին, բայց մինչ օրս չի հաջողվել: Հիմա ստացվում է, որ այն, ինչ ՀՔԾ-ն չէր կարողանում հիմնավորել, ՔԿ-ն որոշել է հանձն առնել այդ գործը և ինչ-ինչ արհեստական հիմնավորումների արդյունքում կալանավորել քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս գործը երկար կյանք ունենալ չի կարող:
«Բայց այն, որ մենք կունենանք քաղբանտարկյալ, և պետք է ողջ աշխարհին ասենք, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում քաղբանտարկյալներ կան, միանշանակ է»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում