Մենք գործ ունենք բռնապետության հետ. նման ճնշումներն իրենց մոտ գրաֆիկով են. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը սահմանային լարված իրավիճակն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունն իրար հետ չի կապում:

«Մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետությունը դիմադրության ցանկացած փորձ փորձում է կասեցնել մշտապես՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ իրադարձություններ են կատարվում: Ընդդիմադիրներին, քաղաքական հակառակորդներին, նույնիսկ՝ լրագրողներին, փորձագետներին, մեդիայում ակտիվ մարդկանց ճնշելու այս փորձերն իրենց մոտ գրաֆիկով են: Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է, նույնիսկ հատուկ անուն ունի՝ պտտվող դռներ: Այսինքն՝ իշխանությունը, որպեսզի շատ ռեսուրսներ չծախսի, մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում են, սպառնում են, ճնշում են, հետո բաց են թողնում, հաջորդին են բռնում: Վերջին հայտնի գործը՝ օրեր առաջ Գայանե Հակոբյանին ազատ արձակեցին, անցան հաջորդ դեպքին:

Սա գործերի շարան է, վստահ եմ, որ գրաֆիկը գծված է: Ես երբ ասում եմ՝ բռնապետություն, շատերը զարմանում են, ասում են՝ կոնկրետ դու ազատ խոսում ես. ես խոսում եմ, որովհետև այդքան մեծ լսարան չունեմ, ինչ-որ պահից ես էլ եմ թիրախավորվելու: Սա տիպիկ բռնապետական մեխանիզմ է»,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Փորձագետը նշեց, որ իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել այն մարդկանց մոտ, ովքեր ակտիվ դժգոհ են. «Մերձիշխանական շրջանակներից եկող այն խոսույթը, որ՝ դուք որևէ բան չեք կարող փոխել, ամեն ինչ արդեն որոշված է, ինչ էլ անեք՝ ոչինչ չի փոխվելու, դրանք այն բանի համար են, որ մարդկանց լռեցնեն, մարդկանց թույլ չտան դուրս գալ փողոց և ակտիվ գործողություններ անել: Հակազդեցության առաջին փուլն ակտիվ խոսելը, այս ամենը լուսաբանելն ու դժգոհությունները բարձրաձայնելն է, որպեսզի մարդիկ տեսնեն, որ միայն իրենք չեն դժգոհ: Շատերին թվում է, թե միայն իրենք են տեսնում՝ ինչ է կատարվում, իսկ մյուսները լուռ են, չեն տեսնում, այստեղից էլ գալիս է հաճախ դժգոհությունը հասարակությունից, ազգից, բայց իրականում շատ-շատ են դժգոհ մարդիկ, ու ինչքան շատ մարդ խոսի, ինքը կհասկանա, որ մենակ չէ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս