ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցեց ՀՅԴ ԳՄ վերընտրված ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդունված հայտարարությունում մասնավորապես շեշտվում է՝ հայ ժողովրդի ազգային, պետական շահերը ստորադասելու իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային և կործանարար է։
«Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։
Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և, անխուսափելիորեն, նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և համազգային առաքելություն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում. Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է:
Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ-ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։
Մանրամասները՝ տեսանյութում