«Եթե թշնամին կրակում է, ու գյուղում որևէ վնաս չի լինում՝ չի նշանակում, որ վտանգավոր չէ». Կախակնի բնակիչ
Վերջին օրերին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակում են Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի բնակիչ Սևան Վերձյանն ասաց` թեև վերջին երկու օրերի ընթացքում կրակոց չի եղել, դրանից առաջ մշտապես կրակել է թշնամին՝ թիրախում ունենալով խաղաղ գյուղն ու հայկական դիրքերը։
«Այս երկու օրը չեն կրակում, կարելի է ասել՝ հիմա իրավիճակը նորմալ է։ Եթե թշնամին կրակում է, ու գյուղում որևէ վնաս չի լինում, դա չի նշանակում, որ վտանգավոր չէ, կրակոցները միշտ էլ վտանգավոր են»,- նշեց Սևան Վերձյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ գյուղն անտեսված է, քանի որ այսքան կրակոցներից հետո որևէ ղեկավար մարդ չի գնացել՝ հասկանալու, թե ինչպես են ապրում։
«Ես չգիտեմ՝ այս գյուղն իրենց հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտեմ՝ կգա՞ն, թե՞ ոչ, տեսնեն՝ այստեղ ինչպես են ապրում»,- շեշտեց Սևան Վերձյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հետևանքով իրենց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, ինչն էլ խնդիրներ է առաջացրել, չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ։
«Գյուղ տեղ է, մարդիկ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում, եթե դա էլ չի լինում, ինչո՞վ են ապրում։ Հիմա եղած հողն են մշակում, ի՞նչ անեն»,- հավելեց մեր զրուցակիցը։