Դատարաններն ու վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված են. գործը զեկուցվում է Կառավարության ղեկավարին. Հրդեհված կացարանի գործով կալանավորված մայորի պաշտպան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում 2023 թվականի հունվարի 19-ին 15 հոգու կյանք խլած հրդեհի գործով կալանավորված սպաներից մեկի՝ մայոր Մառլեն Սարգսյանի կալանավորման ժամկետն օրերս երկու ամսով երկարացվեց։ Դատարանի այս որոշման հետ համաձայն չեն՝ ինչպես մայորի փաստաբանը, այնպես էլ՝ նրա մայրը։
168.am-ի հետ զրույցում մայորի պաշտպան Վահագն Հակոբյանն ասաց, որ իր պաշտպանյալի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումն անհիմն է եղել և ապօրինի։
«Ի՞նչ կարծիքի մասին կարող է խոսք լինել, եթե մարդն ապօրինի մեղադրվում է։
Ինքս արդար դատավարություն չեմ ակնկալում, քանի որ դատարանները կաշկանդված են։ Այս գործը զեկուցվում է Կառավարության ղեկավարի մոտ, գործի հետ կապված տվյալներ է հրապարակում Գլխավոր դատախազը, ոչ միայն վարույթ իրականացնող մարմինն է կաշկանդված, որ թեկուզ նախկինում իրենց թույլ տված սխալներն ուղղեն, այլ կաշկանդված են դատարանները։ Այս պայմաններում, կարծում եմ՝ այս կալանքը շարունակաբար կտևի, մինչև բողոքի ձայնը տեղ հասնի, մինչև մարդիկ փորձեն հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվել և ո՞վ է մեղավոր»,- շեշտեց փաստաբանը։
168.am-ի հետ զրույցում Մառլեն Սարգսյանի մայրը՝ Ծաղիկ Գաբրիելյանը, ասաց, որ որդին մեղավոր չէ, թող արդար քննություն անցկացնեն ու մեղավորներին հայտնաբերեն։
«Եթե իմ որդին մեղավոր է, թող պատժվի, բայց նա անմեղ է, ոչ մի հարցում մեղավոր չէ։ Նա նույնիսկ զեկուցագիր է ունեցել, որպեսզի այդ զորամասից դուրս գա, քանի որ բարձրադիր գոտում աշխատել չէր կարելի, եթե իմ որդին այս աշխատանքին հարմար չէր, թող ազատեին, ոչ թե պահեին ու մի քանի օր հետո մեղքն իր վրա բարդեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է, ծնող, դե դիմացիր, կարո՞ղ ես դիմանալ։ Եթե իմ տղան մեղավոր չէ, ի՞նչ կարող է ասել, անմեղ վիճակով նստած է, ինքն էլ չգիտի՝ ինչ ասի։ Նա երկու անչափահաս երեխա ունի, երևի ինչ-որ մեկին պետք է, որ ամբողջ մեղքը մեկի վրա բարդեն՝ բարդում են։
Ես շատ կուզենայի խոսել զոհված զինծառայողների ծնողների հետ, նրանք էլ պետք է իմանան, որ իմ որդին մեղավոր չէ»,- նշեց Ծաղիկ Գաբրիելյանը։
Նա ընդգծեց, որ իր որդին զորամասում որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել։
«Որդիս վիրահատվել էր, բժիշկներն ասել էին, որ բարձրադիր վայրում աշխատել չի թույլատրվում, պետք է տեղափոխվեր, ինչո՞ւ պետք է նման բաներ աներ։
Սկզբի երկու ամսում չենք կարողացել որդուս հետ տեսակցել, չէին թույլատրում, դրանից հետո 1-2 անգամ տեսակցել ենք, նա պնդում է՝ մեղավոր չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։
Հրդեհից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում ներկայացնելով պաշտոնական վարկածը՝ ասել էր, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Նիկոլ Փաշինյանի այս ելույթից հետո, դեպքի մանրամասների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նշենք, որ այս գործով մեղադրվում է հինգ սպա։ Թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։