Հրդեհից զոհված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել. փաստաբան. News.am
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը արժանահավատ չի համարում նախօրեին ստացված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
«Չենք բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը: Արդյունքները արժանահավատութան տեսակետից խիստ կասկածելի են, սակայն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում են եզրակացությունները եւ առաջիկայում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:Այս եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ, որովհետեւ մահվան պատճառների արձանագրումը բավականին խնդրահարույց իրավիճակ է ստեղծել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, շաբաթներ անց՝ զինվորական հոսպիտալ:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, այս պահին շարունակում է բուժվել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։