Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանն առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին

Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի շահերը պաշտպանելու փոխարեն՝ գերադասեց նահանջել` առանց վերապահումների ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմանների շրջանակում։ Այս մասին  «РусАрминфо»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման խնդիրները նախկինում երկար տարիներ եղել են բանակցությունների առարկա, այնինչ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վիճում է մի շարք այլ հարցերի, բայց ոչ՝ այս հարցերի շուրջ:

Զատուլինը նաև հիշեցրել է Հայաստանի գործող ղեկավարության հայտարարությունները մոսկովյան հանդիպումից  առաջ, մասնավորապես` ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ: «Այդ ամենը շատ մտահոգիչ պատկեր է ստեղծում Ռուսաստանի համար, երբ նա պայքարում է իր ներկայությունը պահպանելու համար, և, իհարկե, դա ամենակարևոր հարցերից է ոչ միայն Ռուսաստանի, այլ առաջին հերթին՝ ԼՂ հայ բնակչության համար՝ Ռուսաստանի խաղաղապահների հետագա ներկայության հարցը ԼՂ-ում»:

«Կարծում եմ` պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռևերանսներին, հաճոյախոսություններին, հենց  Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրվի, ադրբեջանական կողմը կձգտի  դուրս մղել  խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, որպեսզի վերջապես լուծի ԼՂ-ի հետ կապված հարցն իր համար, որպեսզի դադարի անվանել այն Լեռնային Ղարաբաղ, ինչպես նրանք արդեն անում են՝ իրենց քաղաքական գիծն իրականացնելու համար, այն է` ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։

Ինչով է այս գիծը տարբերվում 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունից, նրանով, որ այն չի ենթադրում ուղղակի ֆիզիկական ոչնչացում: Բայց, ինչպես հիշում ենք, Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է հայերի զանգվածային տեղահանմամբ Թուրքիայի հայկական գավառների պատմական բնակավայրերից։ Ադրբեջանն այժմ դրան է ձգտում, և նրանց պետք չեն վկաներ, նրանց պետք չեն Ռուսաստանն ու նրա խաղաղապահները։

Կարդացեք նաև

Հույսերը, որոնք ինչ-որ մեկը գուցե արհեստականորեն ստեղծում է, թե Արևմուտքը միացել է գործընթացին, նրանք հաշվի չեն առնում այն ​​փաստը, որ Արևմուտքի հիմնական շահը տարածաշրջանում վնաս պատճառելն է առաջին հերթին՝ Ռուսաստանին, և  երկրորդ՝ Իրանին:

Երկուսն էլ իրականացվում են։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ։

Ադրբեջանը գնում է այս ճանապարհով, քանի որ հասկանում է, թե որն է հարցի էությունը։ Ամեն շաբաթ Իրանում բացահայտվում է իրանցի լրտեսների հերթական խմբաքանակը։ Հակաիրանական հիստերիա է սերմանվում։ Ո՞վ է շահագրգռված հարաբերությունների սրմամբ: Առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Իսրայելը»,- ասել է Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս