ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք. ՊԵԿ
Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման, խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք:
Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարների վճարման:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և շուրջ 3 ամիս ձեռնարկվել են բազմակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել և իրագործվել է հանցավոր սխեմա, որի արդյունքում, պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:
Այսպես, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից` ՌԴ ու ՀՀ կառավարությունների միջև գործող գաղտնի համաձայնագրի համաձայն:
Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների բազմակողմանիությունը և ամբողջականությունն ապահովելու, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերարակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով հիշյալ համաձայնագրի շրջանակում բեռները բաց են թողնվել` ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24 ժամյա դիտման տակ:
Այդ ընթացքում բեռնատարները Մեղրիի սահմանային անցակետից շարժվել են Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ, որտեղ մաքսային ձևակերպումները կատարելուց հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր: Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:
Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առիթով, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, նախաձեռնվել է քրեական վարութ: Միաժամանակ, բոլոր բեռնատարները ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոկայանատեղիից տեղափոխվել են ՊԵԿ հսկողության գոտի:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: