Հայաստանն ինքն է խոչընդոտում զենքի մատակարարման գործին
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր Գայանե Աբրահամյանի «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը:
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»:
Նախկին թիմակցի այս հայտարարությանը՝ հոդվածի տեսքով, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը պատվավոր տեղ էր հատկացրել:
Մենք նկատել էինք, որ հնդկական զենքի՝ Հայաստան հասնելու հետ կապված խնդիրները և դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, հնարավոր է՝ լինեն նաև այլ պատճառներ, այդ թվում՝ որևէ երկրից հարուցվող որոշակի խոչընդոտները, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանից, և այլն:
Այս համատեքստում հիշեցրել էինք, որ Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե գիտեն այն երկրները, որոնք պատրաստվում են Հայաստանին զենք մատակարարել:
«Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա գնահատում ենք՝ որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Ուստի մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- շեշտել էր Ալիևը:
Բայց քանի դեռ չկար պաշտոնական տեղեկություն, պարզաբանում կա՛մ Հնդկաստանից, կա՛մ Հայաստանից, որևէ հստակ պնդում չէինք արել, հատկապես, երբ այն վերաբերում էր երկրի անվտանգությանը: Սակայն հարցն այն է, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են այս հարցում հատում սահմանները և անվտանգային այս նուրբ հարցերը հրապարակային քննարկման առարկա դարձնում:
Մասնավորապես, մայիսի 16-ին «Ֆակտորի» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, ըստ էության, հաստատել էր նախկին իմքայլականի պնդումը:
«Ես մի տեղեկություն ունեի՝ էն զենքերը, որ արտադրվում է Հնդկաստանում, ռուսական զենքեր են, որ համատեղ արտադրություն է կազմակերպված, դրանց մասին էր խոսքը: Լսել եմ, որ էդ զենքերի մասին է խոսքը, էդ զենքերը ՌԴ-ն արգելում է, որ Հնդկաստանը վաճառի մեզ: Բայց էս վերջին ժամանակներս արդեն էդ արգելքները հանեցին դրանք»,- շեշտել է նա:
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր՝ «որևէ տրամաբանություն չկա, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի զենքը Հնդկաստանից չհասնի Հայաստան, ընդհակառակը, Ռուսաստանը տեսնում է, որ չի կարող այն օգնությունը ուղարկել, որը կնպաստի ուժային բալանսը վերականգնելուն»:
Ըստ նրա՝ «եթե լիներ, օրինակ, Ֆրանսիան, հասկանալի է՝ ինչու ՌԴ-ն կարող էր խոչընդոտ ստեղծել, բայց Իրանի ու Հնդկաստանի պարագայում դա աբսուրդային է»:
«Հնդկաստանը Ռուսաստանի համար ընդունելի է, որևէ խոչընդոտ չկա: Ռուսաստանը շարունակում է ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցել Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը փաստացի որոշ չափով աջակցում է Ռուսաստանի օրակարգին, երբ չի ընդունում որևէ դիրքորոշում Ուկրաինայի հարցում հօգուտ Արևմուտքի, երբ շարունակում է նավթ գնել Ռուսաստանից այն գնով, որով ուզում է»,- հիմնավորել է միջազգայնագետը:
Ի՞նչ է ստացվում՝ Գայանե Աբրահամյանի և Գուրգեն Մելքոնյանի միջոցով խոսել է Նիկոլ Փաշինյա՞նը, որովհետև ինչ-ինչ խնդիրներ կամ հետին նպատակներ կա՞ն:
Երկրորդ, Հայաստանը սրանով, ըստ էության, ազդում է գործընկեր Հնդկաստանի հեղինակության վրա, որից միլիոնավոր դոլարների զենք է պատրաստվում գնել:
Երրորդ, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն մտափոխվել գիտի, ապա ինչո՞ւ չի մտափոխվում Հայաստանին զենք վաճառելու հարցում, որի դիմաց մեծ գումարներ են վճարված:
Ի դեպ, այս թեման վերջերս ակտիվացրեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում։
«Պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում։ Անվտանգության մեր ողջ հայեցակարգը կառուցված էր սրա վրա, իսկ նորն առայժմ չկա։ Մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա էլ հենց ճգնաժամն է: Տվյալ դեպքում նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել ենք Ռուսաստանին»,- շեշտել է Գրիգորյանը՝ հավելելով, որ խոսքը մի քանի պայմանագրի մասին է:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր՝ սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան:
Թե ի՞նչ պատճառով սպառազինությունը չի հասել Հայաստան, փոխնախարարը չգիտեր:
Իսկ պաշտպանության նախարարությունը, բնականաբար, լրագրողներին այդ պատճառները չի ասի՝ հիմնավորելով, թե գործ ունենք գաղտնիության սկզբունքի հետ, ինչը, ըստ էության, պարբերաբար խախտում են հենց իշխանության ներկայացուցիչները, որոնց պաշտպանական գերատեսչության կամ ռազմական ղեկավարությունը չի զսպում: Գուցե սա իր քաղաքական պատճառնե՞րն ունի:
Ի դեպ, 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին հնդկական զենքի մատակարարման մասին հրապարակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը շեշտել էր.
«Ես չեմ կարծում, թե այդ հրապարակումների առնվազն մեծ մասը բարի նպատակներով են արվում, չեմ կարծում, որ այդ հրապարակումները մեր գործին որևէ օգուտ են տալիս․․․»:
Այստեղ խոսքը դրական հրապարակումների մասին էր, արդյո՞ք խոչընդոտների մասին խոսելը և այս կամ այն երկրի դեմ սլաքներն ուղղելը չի վնասում ՀՀ-ին զենքի մատակարարման գործին: Այս մասով պաշտոնական պարզաբանում չկա: Գուցե լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հակառուսական քաղաքականության համատեքստում, երբ մոռացության են մատնվում Ադրբեջանի ղեկավարի հստակ զգուշացումներն այս մասին, թե թույլ չի տա զինել ՀՀ-ին որևէ երկրի: Եթե այո, ապա Հայաստանն ինքն է խոչընդոտում սեփական բանակի վերազինմանը՝ առնվազն չկանխելով իշխանության ներկայացուցիչների տարատեսակ և անպատասխանատու հայտարարությունները: