Փաշինյանի նպատակն է՝ ցույց տալ Ադրբեջանի կարևորությունը՝ որպես էներգատրանսպորտային խաղացողի. Վահե Դավթյան

Արևմուտքն ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ,  մասնավորապես, էներգետիկ ոլորտում, սակայն այդ համագործակցության ծավալները, փորձագետների դիտարկմամբ, հաճախ են միֆականացվում:

Վերջերս Ազգային ժողովում «ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ  Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմտյան որոշ երկրների համար մեծացել է:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ. «Ռիսկերը տեսնում ենք ամեն օր, իսկ հնարավորությունը, թերևս, այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է, և դրանում պակաս կարևոր չէ նաև Հայաստանի ու Վրաստանի դերը»,- ասել է նա՝ նկատելով, որ  տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որովհետև եթե մեր տարածաշրջանը նորից պայթի առնվազն էներգետիկ առումով, դա կարող է խնդիր հանդիսանալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով:

168.amը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ է օբյեկտիվ Փաշինյանի ներկայացրած իրականությունը տարածաշրջանի համար:

Կարդացեք նաև

Վահե Դավթյանը Նիկոլ Փաշինյանի խոսույթը որակեց պրոադրբեջանական լոբբինգ՝ մանրամասնելով. «Ռուսաստանի և Արևմուտքի համար էներգետիկ ոլորտում Ադրբեջանի բացառիկ կարևորության մասին խոսույթը գեներացվում է հիմնականում ազերպրոպագանդայի կողմից, մինչդեռ պատկերն այդքան միարժեք չէ, հատկապես՝ բնական գազի առումով:

Մի քանի ցուցանիշ ներկայացնեմ. հարավային գազային միջանցքով Ադրբեջանը տարեկան եվրոպական շուկա է արտահանում 11-12 մլրդ խմ գազ, ընդ որում՝ Եվրոպայում պահանջարկը կազմում է 400 մլրդ խմ: Լավագույն դեպքում՝ 2027 թվականից հետո Ադրբեջանից մատակարարումները կարող են հասնել 20 մլրդ-ի, ինչը ևս համակարգաստեղծ նշանակություն չի կարող ունենալ Եվրոպայի համար:

Սակայն վերջին 2 տարվա ընթացքում Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ առանց ադրբեջանական մատակարարումների՝ Եվրոպան կհայտնվեր ճգնաժամի պայմաններում: Փաստացիորեն, նույն խոսույթի տրամաբանության մեջ է գտնվում նաև Փաշինյանը:

Եթե նա նկատի ունի այն, որ Բաքուն այսօր եվրոպացիներին առաջարկում է գազամուղ անցկացնել, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքով, ապա դա այլ հարց է. այստեղ ևս նա շատ վատ է տիրապետում իրավիճակին, քանի որ նման նախագիծ իրականացնելու համար պետք է կառուցել Անդրկասպյան գազամուղը՝ Թուրքմենստանից, ինչը, հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակը, այդքան էլ հեշտ չէ»:

Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ դիտարկումների նպատակն է՝ ցույց տալ Ադրբեջանի կարևորությունը՝ որպես էներգատրանսպորտային խաղացողի, դրանով իսկ ընդգծելով, որ Բաքվի հետ «խաղաղությունը»  բխում է հայկական կողմի շահերից:

Տեսանյութեր

Լրահոս