Չարլզ III-ի թագադրման արարողությանը ներկա գտնվելու համար Բրիտանիայի պատգամավորները վիճակահանություն կանցկացնեն
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը ներկա գտնվելու համար Բրիտանիայի պատգամավորները կխաղարկեն հրավիրատոմսերը: Այդ մասին հաղորդում է Sky News պարբերականը:
Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Ի սկզբանե նախատեսվում էր հրավերներ ուղարկել 650 տեղանոց Համայնքների պալատի (ստորին պալատ) միայն 20 պատգամավորների և 777 տեղանոց Լորդերի պալատի (վերին պալատի) միայն 20 ներկայացուցիչների։ Սակայն խորհրդարանականների վրդովմունքից հետո այս թվերը կրկնապատկվել են, նաև որոշվել է վիճակահանություն անցկացնել։
Թագադրման պլանավորմամբ զբաղվողները նաև պատգամավորների համար 400 տեղ են հատկացրել Խորհրդարանի հրապարակում հատուկ առանձնացված հատվածում, որտեղից պատգամավորները կարող են տեսնել թագավորին և թագադրման երթի մասնակիցներին Վեսթմինսթերյան աբբայություն գնալիս:
Sky News-ը հիշեցնում է, որ 1953 թ.-ին թագուհու թագադրման արարողությանը հրավիրվել է Համայնքների պալատի 800 անդամ և Լորդերի պալատի 910 անդամ:
Թագադրմանը ներկա գտնվելու համար չափազանց սահմանափակ թվով հրավերներ են ուղարկվել նաև նախարարների կաբինետին, ինչը նույնպես վրդովմունք է առաջացրել: Նրանց արգելել են իրենց կանանց կամ ամուսիններին տանել արարողությանը։ Բացառություն է արվել միայն վարչապետ Ռիշի Սունակի համար։ Նա կկարողանա մասնակցել արարողությանն իր կնոջ՝ Ակշատա Մուրթիի ուղեկցությամբ։
Թագավորական ընտանիքի սովորական երկրպագուներն արդեն սկսել են վրաններ խփել Լոնդոնի կենտրոնում՝ պատմական իրադարձությունը բաց չթողնելու համար։
74-ամյա Չարլզ III-ի թագադրման արարողությանը ներկա կգտնվի շուրջ 2000 մարդ: Ի դեպ, Եղիսաբեթ II-ի թագադրության արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ստացել 8251 մարդ, իսկ նրա հոր՝ Ջորջ VI-ի թագադրմանը ներկա է գտնվել 7606 մարդ: Այս անգամ որոշում է կայացվել ավելի համեստ արարողություն անցկացնել՝ կապված երկրում գնաճի ավելացման հետ: