Բաժիններ՝

Եվրոպայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման դեմ իրականացված գործողությունների ընթացքում

Իտալիայի իրավապահ մարմինները 108 մարդու են ձերբակալել մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում: Այդ մասին հաղորդում է La Repubblica պարբերականը:

Ձերբակալությունները կատարվել են ոչ միայն Իտալիայում, այլև արտասահմանում, այդ թվում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Գերմանիայում։ 85 մարդ արդեն բանտում է: Ձերբակալվածներին կասկածում են թմրամիջոցների վաճառքի, զենք կրելու և պահելու, փողերի լվացման և այլ իրավախախտումների մեջ։

Ինչպես գրում է La Repubblica-ն, Ջենովայում իրավապահների մեկ այլ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 15 մարդ, որոնց կասկածում են թմրանյութեր պահելու և վաճառելու և խարդախության մեջ։

Գերմանական Bild թերթի տվյալներով`մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման անդամների դեմ լայնածավալ ոստիկանական գործողություն է իրականացվել Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասերում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, Բավարիայում, Ռայնլանդ-Պֆալցում և Սաարում: Այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 մարդ։

Գերմանիայի տարբեր երկրամասերում հարյուրավոր ոստիկաններ խուզարկություններ են կատարում բնակարաններում, գրասենյակներում և առևտրային շենքերում, կատարվում են ձերբակալություններ:

Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող «Նդրանգետա» հանցավոր կազմակերպությունը վաղուց իր գործունեությունը տարածել է Իտալիայի հյուսիսային մարզերում, ինչպես նաև Եվրոպայի այլ պետություններում։ «Նդրանգետա»-ն համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս