Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1»-ին ընդառաջ Հայաստանը սպորտային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը ԼՂ-ում
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։
Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ.-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առ այսօր, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։
Բաքվում «2023 Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը»,- ասված է հայտարարության մեջ: