Բաժիններ՝

Հանրապետականների շուրջ 70%-ը պաշտպանում է Թրամփի թեկնածությունը

Հանրապետական ​​կուսակցության ընտրողների ավելի քան երկու երրորդը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, չնայած նրա դեմ առաջադրված մեղադրանքներին, որոնք վերաբերում են գործարար փաստաթղթերի կեղծմանը: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով սեփական հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է ապրիլի 14-18-ը, դրան մասնակցել է հազար քաղաքացի։

Պարբերականը նշում է, որ հարցվածների 68%-ը, որոնք պետք է քվեարկեն հանրապետականների փրայմերիզներում, համաձայնել են այն պնդման հետ, թե Թրամփի նկատմամբ հետաքննությունը «քաղաքականապես մոտիվացված է և նպատակ ունի խանգարել նրան» կրկին նախագահ դառնալ։ Նրանք նաև համաձայն են այն ձևակերպման հետ, որ «հարկավոր է աջակցել Թրամփին, քանի որ ոչ մի թեկնածու նրա նման չէ»։

Դրա հետ մեկտեղ, հակառակ կարծիքին է հարցվածների 26%-ը։ Նրանք համաձայնել են այն պնդման հետ, որ կարևոր է ընտրել մեկ այլ թեկնածուի, որին այլ հարցերը «չեն շեղի», և որը «կկարողանա հաղթել Ջո Բայդենին»:

Միևնույն ժամանակ ընտրողների մոտավորապես կեսը՝ 46%-ը, ասել է, որ կքվեարկեր Թրամփի օգտին, եթե Հանրապետական ​​կուսակցության փրայմերիզները հիմա անցկացվեին։ Թրամփի ամենալուրջ մրցակիցը համարվող Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին աջակցելու մասին հայտարարել է հարցվածների 31%-ը։ Եվ միայն 6%-ն է իր աջակցությունը հայտնել նախկին փոխնախագահ Մայք Փենսին։

Հարցման մասնակիցների 70%-ը կարծում է, թե գործող նախագահ Ջո Բայդենը չպետք է միանա նախագահի պաշտոնի համար պայքարին։ Ի դեպ, այս հարցին պատասխանածների 51 %-ը դեմոկրատներ են:

Միևնույն ժամանակ, ըստ NBC News-ի հարցման, գրանցված ընտրողների 41 %-ը նշել է, որ ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքվեարկեր Բայդենի օգտին, իսկ 47 %-ը նշել է, որ կքվեարկի հանրապետականների առաջադրած թեկնածուի օգտին:

Թրամփն այժմ հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի առաջատար հավակնորդն է։ Առաջադրվելու համար իրենց հայտերն են ներկայացրել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը և ձեռնարկատեր Վիվեք Ռամասվամին։ Փենսը և Դեսանտիսը դեռ պաշտոնապես չեն հայտարարել 2024 թ.-ին իրենց թեկնածությունն առաջադրելու մասին:

Իսկ Բայդենն, ըստ ԶԼՄ-ների, ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնապես կարող է հայտարարել ապրիլի 25-ին:

Ապրիլին ավելի վաղ Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգը Թրամփին մեղադրանքներ էր առաջադրել 34 հոդվածներով: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը: Թրամփն ու նրա դաշնակիցները քանիցս հայտարարել են, որ նրա հասցեին մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս