Կոսովոյի քաղաքացիների համար ԵՄ անայցագիր մուտքի ռեժիմը չի տարածվի Իսպանիայի վրա
ԵՄ-ի և Կոսովոյի միջև առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը չի տարածվի Իսպանիայի վրա: Իսպանիան մեկն է Եվրամիության այն հինգ երկրներից, որոնք չեն ճանաչում Կոսովոյի ինքնիշխանությունը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«ԵՄ բոլոր երկրները, բացի Իսպանիայից, ճանաչել են Կոսովոյի փաստաթղթերը, ուստի Կոսովոյի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել Շենգեն գոտու բոլոր երկրներում՝ բացառությամբ այդ երկրի։ Փաստաթղթերի ճանաչման հարցը ԵՄ երկրների ազգային իրավասությունն է», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:
Նրա խոսքով՝ Շենգեն գոտու մնացած երկրները, որոնք չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը՝ Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան, որոշել են ընդունել կոսովցիների անձնագրերը։ ԵՄ հինգերորդ երկիրը, որը չի ճանաչում Կոսովոն՝ Ռումինիան, անդամակցել է Միությանը 2007 թվականին, սակայն մինչև այժմ չի ընդունվել Շենգեն գոտի:
Ապրիլի 20-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմ կսահմանի 2024 թվականի հունվարի 1-ից։
Մինչ այս պահը ԵՄ 27 երկրներից 5-ը չեն ճանաչել Կոսովոյի ինքնիշխանությունը։ Այդ պատճառով Բրյուսելը ինտենսիվ ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նրան դրդելով ճանաչել երկրամասի ինքնիշխանությունը, ինչը կվերացնի ԵՄ երկրների կողմից դրա չճանաչման հիմքերը և հնարավորություններ կստեղծի ԵՄ-ին նրա ինտեգրման գործընթացը Սերբիայից առանձին սկսելու համար: