Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  խմբակցությունները վերահաստատում են  ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:

Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել է միանշանակ և ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի պահանջներին համապատասխան՝ առաջնորդվելով բացառապես ժողովրդավարության սկզբունքներով։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ:

Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և իբրև թե  Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը:

Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով,  2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև  հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։

Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը:

Արցախի Հանրապետության ժողովրդի անունից  դիմում ենք.

  • Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար  սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։
  • Աշխարհասփյուռ հայությանը`  հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամենայն գնով  կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։
  • Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում,  անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը:
  • Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները:

Ստեփանակերտ

19.04. 2023 թ.

«Ազատ հայրենիք» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

 

Տեսանյութեր

Լրահոս