Թափառող կենդանիների ականջներին չիպեր չեն, տարբերանշաններ են.ի՞նչ են վկայում գույները
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անունը կփոխվի ու կդառնա՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
Ավագանու նիստի ժամանակ զեկուցող Գորիկ Ավետիսյանը նշեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019 թվականից զբաղվում է մայրաքաղաքում թափառող շների գլխաքանակի կանոնակարգման համալիր ծրագրով։ Իրականացվող ծրագրի շրջանակներում կատարվում է թափառող շների բռնում, նախնական զննում, հետազոտություն վտանգավոր վարակիչ հիվանդությունների ախտորոշիչ թեստերով, հիվանդ կենդանիների քնեցում և դիերի այրում, առողջ կենդանիների ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ, հաշվառում և համարակալում, ինչպես նաև մայրաքաղաքում անկած կենդանիների դիերի հավաքում և այրում։
Նախագծով առաջարկվում է փոխել կազմակերպության անվանումը՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելով «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։ Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև Կազմակերպության կանոնադրությունը, Կազմակերպության գործունեության նպատակների մեջ ավելացնելով կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի մոնիտորինգի իրականացումը:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը նշեց, որ մի քանի կացարանի մասին է խոսքը, որոնք միմյանցից նաև չափերով են տարբերվելու:
«Սկզբի համար նախատեսվում է կառուցել մեկ առավել մեծ կացարան՝ կազմակերպության գործող տարածքում, իսկ արդեն մի քանի վարչական շրջաններում՝չափերով համեմատաբար ավելի փոքր կացարաններ: Աշխատուժի հետ կապված դիտարկում ենք գործունեության մի փոքր այլ տեսակ, այն է՝ կամավորական խմբերի, կենդանասեր հասարակության հետ համագործակցություն»,- նշեց Հարություն Առաքելյանը:
Ապա անդրադառնալով չիպավորման գործընթացին՝ ասաց, որ ստերջացում իրականացվում է մեկ անգամ:
«Կատաղության դեմ պատվաստումը սահմանված է եղել 1-1.5 տարի: Ստերջացված, պատվաստված կենդանիները պետք է նորից վերապատվաստվեն: Չիպերը, տարբերանշանները, որ տեսնում ենք փողոցում՝ կենդանիների ականջներին, դրանք այդքան էլ չիպեր չեն, տարբերանշաններ են, գույներն էլ վկայում են այն մասին, թե այդ կենդանին ո՞ր թվականին է պատվաստվել կատաղության դեմ, և դա օգնելու է հասկանալ՝ վերապատվաստման ժամանա՞կն է, թե՞ ոչ»,- նշեց ՀՈԱԿ-ի տնօրենը՝ հավելելով, որ այցեր են լինելու դպրոցներ, երեխաներին սովորեցնելու են թափառող կենդանիների հետ վարվելու կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում