Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանը երեք ոսկե մեդալ կնվաճի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ հավաքականների մարզիչներն առաջնության մեկնարկին ընդառաջ արդեն վերջին հետևություններն արել են:
«Ծանրամարտի պարագայում մենք չենք մասնակցելու միայն մասնակցության համար: Մենք մասնակցելու ենք «հնարավորինս շատ մեդալներ և մի քանի տիտղոս նշանաբանով»: Երկու հավաքականներն էլ (խմբ․ տղամարդկանց և կանանց) պատրաստ են: Պիտի սպասենք և աղոթենք, որ գոնե երեք ոսկե մեդալ ունենանք»,-ապրիլի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: