Բաժիններ՝

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մի շարք իրավունքներ են խախտվել. նախարարությունն ու կենտրոնի ներկացուցիչը պարզաբանում են

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, երեխաների կրթության և ժամանցի իրավունքը։ Կենտրոնում տարածված է երեխաների շրջանում վատ սովորությունները և ինքնավնասումները: Երեխաները կենտրոնում իրենց բռնությունից պաշտպանված չեն զգում:

Այս մասին նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանը՝ Մեդիա կենտրոնում կայացած «Երեխաների աջակցության կենտրոններում երեխաներն աջակցության կարիք ունեն» թեմայով քննարկմանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները 2023 թ. մարտի 29-ին չհայտարարված այց են կատարել նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Հովսեփյանի խոսքով՝ եզրակացությունը մտահոգիչ է:

«Որոշ աղջիկներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես՝ երեխաների և աշխատողների հետ զրույցներից պարզ է դարձել, որ դաշտանի օրերին միայն մեկ միջադիր են տալիս: Նշվել է, որ աղջիկներին մեկ սափրիչ են տրամադրում, որից բոլորը պետք է օգտվեն»,- նշեց Հովսեփյանը:

Դիտորդական խմբի զեկույցի հիման վրա ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ձևավորվել: Աշխատանքային խմբի ղեկավարի, նախարարության Մոնիթորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյանի խոսքով պետք է հաշվի առնենլ, որ կան երեխաներ, որոնք ունեն անձնական ցանկություններ:

«Հիգիենայի պարագաների բացակայության հետ կապված մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել, ստուգել ենք անգամ պահեստներում դրանց առկայությունը, դուրսգրման կարգը, երեխաների շրջանում հարցումներ ենք իրականացրել և կարծես այդ առումով խնդիրներ չկա»,- ասաց Եղիազարյանը:

Դիտորդական խմբի կողմից արձանագրվել է, որ Կենտրոնում խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։ Մասնավորապես՝ Դիտորդական խմբի հետ զրույցներում ծխախոտի առկայությունը որոշ տղաներ նույնիսկ չէին թաքցնում, ոմանք շրջում էին ծխախոտի տուփը գրպանում։

Հովսեփյանի խոսքով՝ աղջիկների շրջանում տարածված են ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերը։ Դա հաստատվել է ինչպես աշխատողների, այնպես էլ երեխաների հետ զրույցներում։ Աշխատողները դիտում են սա որպես ուշադրություն գրավելու միջոց։

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել ֆիզիկական և սեռական բռնության վերաբերյալ։

«Մասնավորապես՝ հավելյալ ուսումնասիրության է ենթակա մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատողի ազատման միջնորդություն ներկայացնելու տնօրենի որոշումը։ Տնօրենի հետ զրույցում որպես հիմնավորում նշվել է «երեխաների հետ վատ պահելը», իր պարտականությունների կատարման ժամանակ երեխաներից մեկի կողմից գողության իրականացումը։ Մինչդեռ հնարավոր վատ վերաբերմունքի համար աշխատանքից ազատումը բավարար միջոց չէ իրավական տեսանկյունից և անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք տնօրենի կողմից ձեռնարկվել են այլ միջոցներ, այդ թվում՝ հաղորդում ներկայացնելը, և եթե այո, ի՞նչ ընթացք է ստացել այդ հաղորդումը»,- նկատեց Հովսեփյանը:

Որոշ աղջիկներ մտահոգություն են հայտնել հանգստի սենյակում առկա տեսախցիկի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ տեսախցիկը դիտում է պահնորդը, իրենք կաշկանդված են զգում և չեն կարողանում հանգստի սենյակում ավելի ազատ հագուստով շրջել։ Այդ պատճառով վնասել են տեսախցիկի լարերը՝ խափանելով տեսահսկման համակարգի աշխատանքը:

Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել ոչ միայն պահնորդի, այլ որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաև տղաների կողմից։ Վերջիններս, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլ նաև տղաների, և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:

«Տղաներից մեկի խոսքով՝ ավելի մեծ տարիքի տղաներից մեկը սեռական բռնության է ենթարկել ավելի փոքր տարիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքն ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են։ Վերջինս նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ կարող է պատահել սեռական բռնությունից հետո, արդյոք այն կբերի՞ սեռափոխության, հոգեկան առողջության խնդիրների և այլն»,- նշեց նա:

Կենտրոնից փախուստների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն ներկայացվել։ Մասնավորապես՝ զրույցներում նշվել է, որ վերջին փախուստը 2023-ի փետրվարին էր, որից հետո ոստիկանները նրան հայտնաբերել են Արմավիրի մարզում։ Աշխատողների հետ զրույցում հնչել է տեղեկություն, որ վերջին փախուստը եղել է մոտ տասն օր առաջ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Կենտրոնում խնամք ստացող հղի աղջկա հղիությանն առնչվող մանրամասները։ Երեխաների հարաբերություններն աղջկա հետ բավականին լարված են։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Արևիկ Օհանյանը նշեց, որ իրենց մոտ տեղափոխված դեռահասը 11 շաբաթական հղի է եղել: Կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:

«Կատարվել է բժշկի խորհրդատվություն, արվել են համապատասխան հետազոտություններ: Նրա հետ աշխատել է հոգեբանը, սոցաշխատողը: Այո, երեխան ունի մահվան ցանկություն, որը կարելի է կապել իր հոր կորստի հետ»,- ասաց Օհանյանը:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ երեխաների՝ այլ անձանց, այդ թվում՝ ծնողների հետ հաղորդակցությունը սահմանափակված է։ Հեռախոսների տնօրինման, դրանց օգտագործման սահմանափակման, որպես գույք պահպանելու հարցը կարգավորված չէ և թողնված է անհատների որոշումներին։

«Հաշվի առնելով, որ հեռախոսները նվիրել է վարչապետի տիկինը, երեխաների մոտ արդարացի հարց է առաջացել՝ ինչո՞ւ են նվիրել, եթե չի կարելի օգտագործել»,- ասաց Հովսեփյանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀ) Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը նշեց, որ դիտորդական խումբը ձևավորվել է նախարարի հրամանով: Նախարարությունը կարևորում է դիտորդական խմբի աշխատանքը, հատկապես, երբ այցերը լինում են անակնկալ:

«Առկա խնդիրների մի մասը լուծվել են, մի մասի լուծման ուղղությամբ քայեր են ձեռնարկվում: Կարևոր է ուսումնասիրություններ անել և ներկայացանել իրավիճակը: Խնդիրների մասին իմանալուց անմիջապես հետո աշխատանքային խումբ է ձևավորվել նախարարի հրամանով»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի ասելով, խնդիրներ կան, դրանք բազմազան են և նախարարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել երեխաների կյանքի որակը բարելավելու համար: Նախարարությունը համագործակցում է ՀԿ-ների, միջազգային կառույցների հետ:

Արթուր Եղիազարյանը նշեց՝ նմանատիպ կառույցները կենդանի օրգանիզմներ են, որտեղ և՛ աշխատակիցներն են գալիս-գնում, և՛ շահառուներն են փոխվում: Խնդիրներին այս պահին լուծում տալը կարևոր է, սակայն չի բացառում դրանց կրկնությունը որոշ ժամանակ անց: Նրա համոզմամբ ՝ կարևոր է հետևողական լինելը և ուշադրություն դարձնելը այնպիսի խնդիրներին, որոնց լուծմամբ կարելի է բացառել հետագայում դրանց առաջացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս