Երբ Աննա Վարդապետյանն ուրիշի երեխայի համար մեղադրանք էր գրում, որ քննիչը կարդա, երեկոյան ռեֆլեքսիան ի՞նչ էր ասում իրեն. դա սխա՞լ էր, թե՞ ճիշտ

Երեկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Աննա Հակոբյանը հերթական անգամ հավաքել էր կանանց, տարբեր կանանց՝ խարդախության համար նախկինում դատապարտված ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, պատերազմում նահատակված որդի ունեցող, պատգամավոր ու գործարար, գլխավոր դատախազ ու իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին, ով էլ, ի դեպ, հենց ներկայացրեց հաջորդիվ ելույթ ունեցող Աննա Վարդապետյանին: Ապրիլի 7-ի կապակցությամբ համաժողով էր անում՝ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով: Առաջինը մարտի 8-ին էր: Հենց այդ ժամանակ, ի դեպ, իմացանք, որ Աննա Հակոբյանի շրջապատում չի եղել ու չկա երջանիկ հայ կին, և, որ իր ասոցիացիաներում երջանիկ հայ կինն անառակ կինն է:

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, ով, թերևս, դարձել է Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհիներից մեկը, և երևի թե ընդհանուր շատ բան ունեն, շնորհավորելով ներկաներին ապրիլի 7-ի կապակցությամբ, ընդգծել է՝ այսօր կնոջ դերը մեծ է, առավել, քան երբևէ, քանի որ վտանգված է խաղաղությունը: Հիմա պետք է վայր դնել պատերազմի գործիքները և աշխատեցնել խաղաղության գործիքները, հանդուրժող լինել և սիրել միմյանց:

ԲԴԽ անդամը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը դառնալու է այն երկիրը, որի շուրջ պտտվելու է աշխարհը, և մեր երկրի 1 քմ հողը ամենաթանկն է լինելու, և բոլորը ցանկանալու են ապրել ու աշխատել Հայաստանում:

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանի ելույթի վրա չենք կենտրոնանում. Այդ կնոջ հետ վաղուց ու ամեն ինչ պարզ է: Երեկ, օրինակ, իմացանք, որ հայ կինը թերացել է․ այն, ինչ երեխաներին սովորեցնում են ընտանիքներում, ընդամենը խոսքեր են: Ոչինչ չենք կարող ասել. Ինչպես ասում են, 4 երեխաների մայր է, ավելի լավ կիմանա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը պակաս ուշագրավ չէր:

Նա ընդգծեց, որ փորձում է օգնել երիտասարդ աղջիկներին կայանալ իրավապահ համակարգում, բայց աջակցությանը զուգահեռ՝ չի մոռանում բոլորին տեղեկացնել՝ այս ոլորտում աշխատանքը շատ է, աշխատասիրությունը՝ պարտադիր:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային կառույցների զեկույցներում հաճախ լսելի է դարձել «Ատելության խոսք» եզրույթը: Գլխավոր դատախազը հիմա իր ոլորտում փորձում է բոլորին մի պարզ կանոն սովորեցնել՝ հարգել դիմացինին և ոչ միայն՝ խոսքով, այլև վերաբերմունքով: Տղամարդկանց ու կանանց հորդորել է չշահարկել սեռի գործոնը:

Աննա Վարդապետյանը մտաբերել է նաև գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց առաջ Նիկոլ Փաշինյանի հարցը, թե ի՞նչ դատախազություն է վերադարձնելու Վարդապետյանը պաշտոնավարումից հետո. ինքը թեև շփոթվել է, բայց պատասխանել է՝ ավելի պրոֆեսիոնալ, ավելի ազդեցիկ ու կանանցով համալրված դատախազություն:

Աննա Վարդապետյանը, ով հիշեցրեց՝ մինչ գլխավոր դատախազ դառնալը եղել է Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականը, ներկաներին տեղեկացրեց՝ ամեն Աստծո օր, երբ որ գնում է տուն, ինքը ռեֆլեքսիա է անում:

«Ես հետադարձ սկսում եմ հիշել իմ օրը և ինքս ինձ ազնիվ նշել այն կետերը, որտեղ ես սխալվել եմ, ու ինքս ինձ հետ աշխատել, որ հաջորդ օրն այդ սխալները ես չկրկնեմ: Դա ես չեմ անում՝ որպես գլխավոր դատախազ, դա ես արել եմ միշտ: Եվ ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ իմաստնության ճանապարհը սկսվում է հենց դրանից և այլոց հանդեպ, հատկապես հայ կանանց հանդեպ ունեցած հարգանքի և ապրումակցման կարողությունից»,- իր իմաստնության բանաձևն է ներկայացրել գլխավոր դատախազը:

2021թ. մարտի 10:

Այդ օրը 168.amսկանդալային հրապարակում կատարեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էինք հրապարակել, մասնավորապես, այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին էր փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Այդ հրապարակումից գրեթե մեկ ամիս անց նոր տեղեկություն տարածվեց: Հրապարակվեց ձայնագրություն, որում Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի՝ այդ ժամանակվա պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրությամբ նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Այս սկանդալներից հետո ուղիղ մեկ տարի լրագրողների աչքին չերևացող, բոլորից իրեն հեռու պահող Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

Ասվածը վերաբերում էր Ռուբեն Հայրապետյանի որդու քրգործին, իհարկե, և թեև քրեական իրավունքի անգերազանցելի մասնագետ Աննա Վարդապետյանը, անշուշտ, շատ լավ գիտեր, որ չունի դրա իրավունքը, սակայն խոհեմաբար, բնականաբար, շրջանցեց Քննչական կոմիտե ու ԲԴԽ իր հաճախակի այցերի թեման ու աղմկահարույց քրեական գործերը կոնտրոլի տալ պահելու ու դրանցով ցուցումներ տալու իր արատավոր պրակտիկան:

Երեկ Աննա Վարդապետյանն ասում էր, որ ամեն օր երեկոյան միշտ վերլուծում է իր սխալները: Գլխավոր դատախազը կամ ստում է, կամ համարում է, որ ինքը ճիշտ է վարվել, և Նիկոլ Փաշինյանին դուր գալու ու հետագայում գլխավոր դատախազի պաշտոնը ստանալու համար ինքը պիտի աներ այն, ինչ արել է, ու լավ է արել:

Կանանց ապրումակցումից խոսող Աննա Վարդապետյանը, երբ ամեն ինչ անում էր մեկ այլ կնոջ ամուսնուն ու երեխաների հորը քրեակատարողական հիմնարկ ուղարկելու համար, չէ՞ր մտածում դրա մասին, թե՞ իր համար էլ կան յուրային և ոչ յուրային կանայք… Ընտանիք մտնելուց առաջ մտածո՞ւմ էր, որ դրա համար երբևէ պատասխան պիտի տա օրենքի և Աստծո առաջ: Անցել է երկու տարի, ու հիմա Աննա Վարդապետյանին երևի թվում է՝ իր արարքի մասին քչերն են հիշում, ու հիմա ինքը կարող է վեհ գաղափարների մասին ելույթներ ունենալ: Իրականում հիշողներ կան, ու Աննա Վարդապետյանն այդ մասին պետք է որ լավ իմանա:

Տեսանյութեր

Լրահոս