Ես Աննա Վարդապետյանին խոստանում եմ՝ հանգիստ չի ապրելու, ինքը կպել է իմ երեխեքին. Ռուբեն Հայրապետյան

Մարտի 10-ին 168.am-ի էլ. հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Հրապարակումից հետո դատախազությունը նյութերն ուղարկել էր ԱԱԾ, իսկ մարտի 17-ին՝ հրապարակումից 7 օր անց, ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, թե նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.amի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց, թե տեղեկություններ ունի, որ այժմ Աննա Վարդապետյանը փորձում է իր համար Լոնդոնում ապահով գոտի ստեղծել:

«Ես ինֆորմացիա ունեմ, որ Աննա Վարդապետյանը փորձում է հիմա իր համար բուֆերային գոտի ստեղծի Լոնդոնում, ու հանգիստ տեղափոխվի, ապրի: Բայց ես խոսք եմ տալիս՝ ինքը չի՛ կարող հանգիստ ապրել: Ինքը կպել է իմ երեխեքին: Ցանկացած թույլ կենդանի, երբ իր ձագերին մոտ են գնում, թևերը փռում է վրան, պահում է: Իրեն թվում է՝ ես էդքան կորած մարդ եմ, որ չե՞մ կարող իմ երեխեքին պաշտպանեմ: Չարաչար սխալվում են իրենք: Իրենք կպել են իմ ընտանիքին ու երեխեքին, անցել են բոլոր բարոյական նորմերը: Կռիվ ունեք՝ իմ հետ տվեք:

Աննա, աղջիկ ջան, գոնե ես գիտեմ՝ դու ոնց ես կրթություն ստացել, ինչ միջոցներով: Քո հայրը Ավանում ճարտարապետ է աշխատել, հո քո հորը լավ գիտեմ՝ ով է եղել ինքը: Ամենազարհուրելին գիտե՞ք՝ որն է՝ որ Աննա Վարդապետյանն այսօր համալսարանում դաս է տալիս: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա կրթածը, ինչ է կրթում․ ապագա հանցագործներ, որ գնան մարդկանց ճակատագրերի հետ խաղան: Ու համալսարանի ղեկավարությունն այսքանից հետո տեսնում է ու Աննային հանդուրժում է, որ կրթի, դաս տա իրենց երեխեքի՞ն: Եվ այդ ծնողնե՞րն են հանդուրժում, որ Աննան դաս տա իրենց երեխեքին: Ի՞նչ է սովորեցնելու այդ աղջիկը»,- ասաց Ռուբեն  Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները քննարկում են՝ «սրա տակից ոնց դուրս գան»:

Հայրապետյանը նաև զգուշացրեց՝ եթե Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս դեպքին իրավական գնահատական չտան, ապա ինքը կդիմի ՌԴ իրավապահներին, քանի որ ինքը նաև ՌԴ քաղաքացի է:

«Ես իրենց ասում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Եկեք մեր երկրի կեղտը չհանենք դուրս: Թող բացատրեն՝ մինչև հիմա ինչի համար չեն առգրավվել Աննայի և քննիչի համակարգիչները: Իմ քայլերն ասում եմ: Շուտով կդիմեմ Ռուսաստանում գտնվող իմ փաստաբաններին, եթե իրենք չարեցին (խոսքը ՀՀ իրավապահների մասին է.- խմբ.): Ես չեմ ուզում, իմ երկիրը սիրում եմ: Չեմ ուզում իմ երկրի կեղտը հանել դուրս: Թող խելքները գլուխները հավաքեն, իրենք անեն: Ինչի՞, Աննան ու քննիչն այդքան արժե՞ք են այս երկրի համար: Ինչի՞ են դնում նժարի վրա երկրի իմիջը: Թող պատժեն մեղավորներին, հանցագործություն են արել: Ի՞նչ է, պարտադիր պիտի իմ տղային տանեն, դատե՞ն: Կյանքի նպատա՞կ են սարքել: Կռիվ ունեք, իմ հետ տվեք, այ նապաստակներ: Տղայիս հետ ի՞նչ գործ ունեք»,- հարցազրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս