Իսրայելը հաղորդել է Գազայից 7 հրթիռի արձակման մասին
Գազայի հատվածից այսօր վաղ առավոտյան երկիր-օդ դասի հրթիռներ են արձակվել սահմանամերձ իսրայելական համայնքների ուղղությամբ:
Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ 7 հրթիռներից 2-ն արձակվել են դեպի Միջերկրական ծով, իսկ մնացածը՝ Իսրայելի ուղղությամբ: Ըստ հաղորդագրության՝ հրթիռների թիրախում, ամենայն հավանականությամբ, եղել են տարածքում գտնվող Իսրայելի օդուժին պատկանող ինքնաթիռները։
Հրթիռների արձակման պատճառով իսրայելական մի քանի համայնքներում տագնապի ազդանշաններ են հնչել, բնակիչներին հրահանգել են պատսպարվել ապաստարաններում:
Վիրավորների կամ հասցված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
The Times of Israel-ը հիշեցնում է, որ ապրիլի 5-ի երեկոյան Գազայից 2 հրթիռ էր արձակվել, որոնցից մեկին չէր հաջողվել հատել սահմանը, իսկ մյուսն ընկել էր բաց տարածքում: Դրանից կարճ ժամանակ անց նոր բախումներ էին սկսվել Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի մոտ: Գազայում և Իսրայելի արաբական համայնքներում խռովություններ էին սկսվել:
Ապրիլի 4-ի երեկոյան ևս ալ-Աքսա մզկիթում բախումներ էին տեղի ունեցել: Մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել էին ալ-Աքսա մզկիթում: Ոստիկանությունը մտել էր մզկիթ և լուսաձայնային նռնակներով փորձել հանել նրանց այնտեղից: Շուրջ 350 մարդ ձերբակալվել էր: Այս բախումներին հաջորդել էին հրթիռակոծություններ երկու կողմերից