Իշխանության խաղը կարող ենք խառնել. բնակչության ընդամենը 20 տոկոսն է նրանց աջակցում. Ավետիք Չալաբյան
Հայաստանի Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հանցավոր անգործության հետևանքով ադրբեջանական զորքը Տեղ համայնքում մխրճվել է Հայաստանի սուվերեն տարածք և դիրքավորվել։
Ի պատասխան ադրբեջանական զորքի առաջխաղացման՝ Հայաստանի իշխանության որոշմամբ մեր բանակի զորքի փոխարեն՝ այդ տարածքում կանգնել է սահմանապահ զորք, ինչը, իմ համոզմամբ, ադրբեջանական բանակին ուղիղ հրավեր է՝ նորից մեր երկրի սահմաններից ներս նոր տարածքներում դիրքավորվելու, որովհետև սահմանապահն ունի սահմանը պահպանելու և ոչ պաշտպանելու գործառույթ, իսկ մեր դեպքում պետք է այդ սահմանը պաշտպանել թշնամական ներխուժումից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ընթացող զարգացումներին և Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժման պատճառներին, նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման Խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով, որ օրվա իշխանությունն Արցախը և Հայաստանը հանձնելու քաղաքականություն է վարում, և դա ունի իր պատճառները։
«Այս իշխանության հիմնական քաղաքական հենարանը Թուրքիան և Ադրբեջանն են. ասվածի ապացույցն է այն, որ, օրինակ, մարտի 18-ին Ադրբեջանի պարագլխի կողմից արած հայտարարությանն առ այն, թե Հայաստանի բանակում կա 11 հազար դասալիք, օրեր անց արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ նույնությամբ կրկնելով Ալիևի ասածը։ Հիմա հարց՝ այդ տիկինը թշնամի երկրի պարագլխի պատվե՞րն է կատարում»,- հարցով ավարտեց միտքը Չալաբյանը, ապա ընդգծեց՝ դասալքության դեպքերը նախ պետք է դատարանի վճիռներով ապացուցել, բայց դասալիքներից զատ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք դասալքության համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։
Ըստ Չալաբյանի՝ օրվա իշխանությունը երկիրը ծախելով փող է աշխատում, որովհետև իր համար արձանագրել է՝ աղքատությունը հաղթահարելու լավագույն ձևը երկիրը հանձնելն է։
Հարցին՝ ընդդիմությունն ինչպե՞ս է բռնում երկիրը հանձնող իշխանության ձեռքը, Չալաբյանը պատասխանեց՝ ընդդիմությունն այդ ուղղությամբ քայլեր անում է, սակայն դեռևս վերջնական արդյունքի չի հասել, որովհետև պայքարում է Հայաստանը հանձնող այնպիսի իշխանության դեմ, որն ունի Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը։
«Խնդիրն է այն, որ մենք դեռևս բավարար չափով չենք կարողացել նախապատրաստվել հենց նման արտաքին ուժերին դիմագրավելուն, երբ, միևնույն ժամանակ, իշխանության վարկանիշը շարունակաբար անկում է ապրում։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ Փաշինյանի քաղաքական թիմին ձայն տվածների ընդամենը 20 տոկոսն է աջակցում նրանց իշխանությանը, ավելին՝ այս թիվը շարունակում է նվազել ընդդիմության աշխատանքի շնորհիվ։ Ընդդիմությունը կարող է իշխանության խաղը խառնել։ Ընդդիմության տարբեր թևերի աշխատանքի արդյունքում մեծ ստի վրա կառուցված այս իշխանությունը քանդվում է, որովհետև մարդիկ տեսնում են՝ իրենց գյուղում ասֆալտ փռած իշխանությունը գյուղի հողերը հանձնում է թշնամուն»,- ասաց Չալաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։