Օնի՛կ Գասպարյան, մի՛ թաքնվի՛ր. Փաշինյանի հետ հավասար ես կրում Արցախի հանձնման պատասխանատվությունը. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանն իր 4 ժամ 30 րոպե տևողությամբ մամուլի ասուլիսով ևս մեկ անգամ ցույց տվեց՝ հայ ժողովրդին կանգնեցրել է ընտրության առջև՝ պետք է ընտրեն վատի և վատթարագույնի, կամ պատերազմի և տարածքային կորուստների միջև։

Գիտեք՝ նոր եմ վերադարձել Եվրոպայից, որտեղ տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ ինձ միաբերան ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է տարբեր հարթակներում ձեռք բերած բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, ինչից ելնելով էլ՝ միջազգային հանրությունը չի կարող բռնել Ալիևի ձեռքը՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի և դրա միջոցով հանրությանը հղած մեսիջների մասին՝ իր ստացած տպավորությունն ու ստացած տեղեկությունները փոխանցեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով.

«Ալիևը նախօրեին Թալիշում ևս մեկ անգամ հայտարարեց՝ Արցախը պետք է պաշտոնապես ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, իսկ սահմանագծում և սահմանազատումն էլ պետք է տեղի ունենան Ադրբեջանի պայմաններով, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը ոչ միայն 8 գյուղ պետք է հանձնի Ադրբեջանին, այլ՝ նաև ուրիշ տարածքներ ևս»։

Կարդացեք նաև

Ըստ Զոհրաբյանի՝ Արցախում ապրող 120 հազար հայի էթնիկ զտման, այն է՝ ցեղասպանության ենթարկելու համար որևէ միջնորդ Ադրբեջանի ձեռքը չի՛ բռնելու, որովհետև Արևմուտքին Փաշինյանը տվել է խոստումներ, որոնք հիմա պետք է իրագործի։

«Փաշինյանին մինչև հիմա թվում էր, որ երբ իր գլուխը շոյում էին և ասում, թե՝ ապրե՛ս, ժողովրդավար տղա ես, մոռանում է հիշել, որ նույն Եվրոպան նույն ձևով շոյում էր Սահակաշվիլու և Զելենսկու գլուխը։ Վերջում նույն Եվրոպան Զելենսկու, Սահակաշվիլու և Փաշինյանի գլուխները եփելու է նույն կաթսայում։ Փաշինյանին ասել են՝ տղա՛ ջան, հանգստացի՛ր, դու կանես այն, ինչի պարտավորությունը ստանձնել ես, և ինչի համար քեզ բերել ենք իշխանության, և ինչի համար, ինչպես Փաշինյանն էր ասում, եվրոյոնջաները աչք են փակել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական բոլոր երևույթների վրա՝ սկսած մամուլի վրա ճնշումներից՝ մինչև բառիգությամբ զբաղվող պարեկները»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը սպառնում է Արցախի և Հայաստանի շուրջ ռազմական գործողությունների դիմել, իսկ նախորդ պատերազմը հայկական կողմը պարտվել է, որովհետև բանակում եղել է 5-րդ շարասյուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Հայաստանում կա 5-րդ շարասյուն. դա Փաշինյանն է՝ իր քաղաքական թիմով։ Փաշինյանը որոշեց պայմանավորված պատերազմի ելքը՝ թիրախավորելով բանակի զինվորականներին։ Հիմա նույնն է անում. Օրինա՛կ, Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է, որովհետև Խաչատուրովը չի՛ տեղավորվում Նիկոլի առաջ ծնկած, իրենց ուսադիրները ծամած սպաների ցուցակում։ Այստեղ պետք է ասեմ, որ զարմացած եմ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա։ Օնիկ Գասպարյան, մի՛ թաքնվի՛ր, դու պատերազմի պատասխանատուներից մեկն ես, և եթե եղել է 5-րդ շարասյուն, ապա այդ շարասյան գեներալներից մեկն էլ դու ես, և եթե թվում է, որ խուսափելու եք պատասխանատվությունից, ապա սխալվում եք։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես  կրում եք քաղաքական, բարոյական, մարդկային և տղամարդկային պատասխանատվություն՝ Արցախի 70 տոկոսի հանձնման համար»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս