Բաժիններ՝

Չինաստանը 3 տարվա ընթացքում առաջին անգամ կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումն օտարերկրացիներին

Չինաստանը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մարտի 15-ից Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումը:

Ըստ հաղորդագրության՝ զբոսաշրջության ոլորտի խթանումը պետք է օգնի վերակենդանացնել 17 տրիլիոն դոլարի տնտեսությունը, որն անցյալ տարի ցուցաբերել էր վերջին գրեթե կես դարում աճի ամենադանդաղ տեմպերից մեկը:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ երկրի այն հատվածները, որտեղ այցելելու համար համավարակից առաջ վիզա չէր պահանջվում, դարձյալ կանցնեն մուտքի անայցագիր ռեժիմի: Սա կներառի Չինաստանի հարավում գտնվող զբոսաշրջային Հայնան կղզին և Շանհայի նավահանգստով անցնող զբոսաշրջային նավերը:

Կվերականգնվի նաև անայցագիր մուտքը հարավային Գուանդուն նահանգ Հոնկոնգից և Մակաոյից օտարերկրացիների կազմակերպված խմբերի համար:

Չինաստանի արտգործնախարարությունում նաև նշել են, որ մինչև 2020 թ.-ի մարտի 28-ը վիզա ստացած այն օտարերկրացիները, որոնց վիզաների գործողության ժամկետը չի անցել, նույնպես կարող են մուտք գործել Չինաստան:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ. մարտի 28-ից ժամանակավորապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: 2022 թ. դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել էր կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, որից հետո երկրում վիրուսի լայն տարածում էր սկսվել: 2023 թ. հունվարից մեղմացվել էին նաև կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։