Բաժիններ՝

Բացահայտվել են տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ իրենց իշխանական լիազորություններով պայմանավորված կաշառք տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար, ինչպես նաև նույն նպատակներով ընդունել են տնտեսվարողների կողմից կաշառք տալու առաջարկը, որպիսի գործողությունների արդյունքում իրենց իշխանական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի՝ էական վնաս պատճառելով պետության, ինչպես նաև անձանց իրավունքներին ու օրինական շահերին։

Հերթական անգամ՝ 2023 թվականի փետրվարի 17-ին, Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իշխանական լիազորություններն օգտագործելով Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ. Ս-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարա­կան աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի «MS 922 MS» վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 500.000 ՀՀ դրամ գումար ստանալուց և տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո, կաշառք տված անձի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո, նախաքննություն իրականացնելու նպատակով, քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս