Սրտաբանը նշել է առիթմիայի առաջացման պատճառները
Սրտի առիթմիան կարող է առաջանալ հիպերտոնիայի, բորբոքային պրոցեսների, սակավարյունության և այլ պայմանների պատճառով: Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ «Իզվեստիա»- ին ասել է բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դենիս Սոկոլովը։
Մասնագետը նշել է, որ առիթմիան ուղեկցվում է սրտի կծկումների կանոնավորության, հաճախության և ռիթմի փոփոխությամբ ։ Մարդը կարող է զգալ այդ խանգարումները սրտի բաբախյունի, կրծքավանդակում անհարմարության, թուլության, գլխապտույտի, շնչահեղձության և գիտակցության կորստի տեսքով:
Առիթմիայի հիմնական պատճառը սրտի պաթոլոգիան է, որի ժամանակ փոխվում է սրտի կառուցվածքը։ Այս պայմանը կարող է առաջանալ հիպերտոնիայի, բորբոքային պրոցեսների, սրտի բնածին և ձեռքբերովի արատների, սրտամկանի միոպաթիայի, սրտի կորոնար հիվանդության պատճառով:
«Առիթմիան կարող է առաջանալ որոշ դեղամիջոցների ընդունման ֆոնին։ Հայտնի է նաև, որ վատ սովորություններ (ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի օգտագործումը, թմրանյութերը) ունեցող մարդիկ, շատ ավելի հաճախ են բախվում առիթմիայի հետ: Նույնիսկ օրգանիզմում կալիումի, մագնեզիումի և այլ տարրերի ավելցուկը կամ պակասը երբեմն հանգեցնում է այս պաթոլոգիայի»,— զգուշացրել է Սոկոլովը։
Բժշկի խոսքով՝ առիթմիայի զարգացման գործոններն են վահանաձև գեղձի հիվանդությունները, ժառանգականությունը, արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումը, ավելորդ քաշը, երկաթի պակասից սակավարյունությունը, հորմոնալ խանգարումները, խոլեստերինի մակարդակի բարձրացումը, օստեոխոնդրոզը:
Սրտաբանն ընդգծել է, որ նախքան բուժումը սկսելը, անհրաժեշտ է բացահայտել առիթմիայի առաջացման պատճառը։ Անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, ով Էլեկտրասրտագրություն կանի և առաջարկություններ կտա դեղերի և թերապիայի ընտրության վերաբերյալ:
«Ամեն ինչ կախված է հիվանդության աստիճանից՝ բժիշկը նշանակում է կամ բուժման պահպանողական մեթոդ՝ դեղամիջոցների օգնությամբ, կամ սրտային վիրաբուժություն»,- հավելել է Սոկոլովը։