«Եթե Նիկոլ Փաշինյանը նման սկզբունքներ առաջ քաշեր, ապա դրա համար կարիք չկար Մյունխեն գնալ». Արմեն Բաղդասարյան

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնելու է Մյունխեն: Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, վարչապետը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Դեռևս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը  Մյունխենում՝ նույն անվտանգության համաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի հետ հրապարակային քննարկման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում նախ իրազեկող գրառում էր կատարել.

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։

Կարդացեք նաև

Մասնակցում ենք ես և Ադրբեջանի նախագահը»։

Ապա հանդիպումից մեկ օր անց, հավանաբար հանդիպումից ստացած տպավորությունների ազդեցության ներքո, Նիկոլ Փաշինյանը կրկին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր 6 կետից բաղկացած, այսպես կոչված, «մյունխենյան սկզբունքներ»-ը.

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Ի՞նչ սպասել  այս անգամ Նիկոլ Փաշինյանի  մյունխենյան այցից, իրատեսակա՞ն է, որ  Փաշինյանն անվտանգության համաժողովում կբարձրացնի Արցախի հարցը, որն այժմ Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, և առհասարակ՝ սպասե՞լ մյունխենյան նոր սկզբունքների։

168.amի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը պատասխանելով այս հարցերին, նշեց՝ իրատեսական չի համարում, որ Արցախի հարցը Մյունխենի անվտանգության համաժողովում Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի։

«Եթե Նիկոլ Փաշինյանը նման սկզբունքներ առաջ քաշեր, ապա դրա համար կարիք չկար Մյունխեն գնալ։ Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին, Նիկոլ Փաշինյանն այսօր այդ փաստը չթաքցրեց, սակայն որևէ բառ չկար Լեռնային Ղարաբաղի մասին։ Հետևաբար վստահ եմ, որ այդ հարցերը Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չի բարձրացնի»,- նշեց Արմեն Բաղդասարյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, որ Մյունխենյան հանդիպումը՝ եթե իհարկե Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա, ապա այն ընդամենը հարթակ է և բացարձակապես էական նշանակություն չունի՝ նրանք անձնապես են հանդիպում, թե որևէ այլ խողովակներով։

«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկար այս պահին չկա, ապա այդ հանդիպումները կա՛մ չեն լինի, կա՛մ եթե լինեն, ապա առավելապես քարոզչական նշանակություն կունենան։ Դատելով նրանից, թե այս փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչ փուլում է, ապա իմ տպավորությունն է, որ այդ գործընթացը ձգձգվում է, և տպավորությունս այնպիսին է, որ Ադրբեջանը միայն մեկ նպատակ ունի՝ ցույց տալ, որ բանակցային գործընթացի ձախողման մեղավորը Հայաստանն է։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հիմնական նպատակը դա է՝ փորձել գործընթացն օգտագործել քարոզչական նպատակներով, որպեսզի արդարացնեն իրենց հնարավոր ագրեսիան, մյունխենյան հարթակն Ադրբեջանը ծառայեցնելու է հենց այդ նպատակին՝ ցույց տալու, թե իրենք որքան «խաղաղասեր» են, և ինչպես է Հայաստանը փորձում «ժամանակ ձգել», «տորպեդահարել» խաղաղության կայացումը»,- հավելեց վերլուծաբանը։

Արմեն Բաղդասարյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը, որ Հայաստանը  ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և հայկական կողմի  առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Այս համատեքստում մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց  դեռ անցյալ տարի  Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկներից  հատկապես հետևյալ կետին՝ «Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում»: Այսօր Կառավարության նիստում  Փաշինյանի  հայտարարությունը, որ  փաստաթուղթը «պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որ կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար», Արմեն Բաղդասարյանը զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի առաջարկի և Փաշինյանի հայտարարության միջև, նաև հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթում «Հավաստի աղբյուրը» ներկայացրել էր, թե ինչ  պահանջներ ունի Ադրբեջանը։

«Այդ պահանջներից առաջինն այն էր, որ պետք է Արցախի Պաշտպանության բանակը լուծարվի։ Երկրորդը՝ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի։ Երրորդը՝ միջանցք էին պահանջել: Չորրորդ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա 1919-1920 թվականների  սահմաններով։ Սրանք այնպիսի առաջարկներ էին, որոնք Հայաստանի համար բարցարձակապես անընդունելի էին։ Խիստ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը վերջին առաջարկներով, որոնք վերջին անգամ ուղարկել էր Հայաստանին,ամրագրել է հենց այս կետերը։ Եթե դա այդպես է, ապա ես չեմ կարծում, թե Հայաստանի կողմից ներկայացրած պատասխանն Ադրբեջանին ինչ-որ բան կտա։ Ես վստահ եմ, որ նրանք այդ պահանջները ներկայացրել են, որպեսզի հայկական կողմը մերժի  և դրանից աղմուկ բարձրացնեն, ցույց տան, որ մերժողը հայկական կողմն է, որովհետև նրանց նպատակը խաղաղությունը չէ, որովհետև նրանց դա պետք չէ։ Նրանց նպատակն է՝ որպեսզի խաղաղության գործընթացի վիժեցման համար մեղավոր հռչակեն հայկական կողմին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ դիվանագիտական սոլիդարությունից ելնելո՞վ է, որ ՀՀ իշխանությունը չի հրապարակում Ադրբեջանի կողմից վերջերս ներկայացրած առաջարկները, ի տարբերություն առաջին անգամ ներկայացրած առաջարկների, որոնք Ադրբեջանի կողմից հրապարակվելուց հետո հրապարակվեց նաև ՀՀ իշխանությունների կողմից, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց.

«Նախ, եթե այդ առաջարկներում որևէ բան փոխվել է, ապա պետք է փոխված լինի ի վնաս հայկական կողմի, որովհետև ընդհանրապես իրավիճակը և գործընթացները զարգանում են ի վնաս մեզ ինչ-որ առումներով։ Ռուսաստանը շարունակում է խրված մնալ Ուկրաինայի հետ ռազմաճակատում, Թուրքիայի նկատմամբ միջազգային վերաբերմունքն է փոխվում, այսինքն՝ մեր օգտին որևէ դրական զարգացում չկա։ Հետևաբար, եթե այդ փաստաթղթերում ինչ-որ բան փոխված լիներ, պիտի փոխված լիներ ի վնաս մեզ, թե ինչու հայկական կողմը դա չի ներկայացնում՝ հասկանալի է, որովհետև եթե ներկայացվի, ապա անուղղակիորեն ցույց կտրվի, թե ինչ խայտառակ վիճակում է բանակցային գործընթացը և ինչ խայտառակ դիրքերում է հայկական կողմը։

Սա զայրույթի ու վրդովմունքի նոր ալիք կբարձրացնի հասարակության մեջ, դրա համար իշխանությունները փորձում են դոզավորված ներկայացնել Հայաստանի ձախողումները։ Հայկական կողմին այնպիսի պահանջներ են ներկայացվում, որ տրամաբանությունը հուշում է՝ դրանք հայկական կողմից միանգամից պետք է մերժվեին, սակայն փոխարենը՝ հայկական կողմը շարունակում է բանակցել։ Խոսքը, օրինակ, սահմանազատման ու սահմանագծման, «անկլավների», «միջանցքի», ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին է, խոսքը նաև այն մասին է, որ Հայաստանը պարտավորվի բացահայտել առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը, ինչը ենթադրում է նաև հաջորդ քայլով առաջին պատերազմի «ռազմական հանցագործների» պատասխանատվության ենթարկում, և այլն։ Ուստի, եթե այս ամբողջ փաթեթը ներկայացնի իշխանությունը, ապա ակնհայտ կդառնա, թե ինչ խայտառակ վիճակի է հասցրել այս իշխանությունը հայկական կողմին։ Դրա համար չեն ներկայացնում և փորձում են փոքր դոզաներով հասարակությանը սովորեցնել այս վիճակին»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 7-ին Բեռլինում Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, Ադրբեջանից  իրենց  առաջարկները ստանալուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս