«Գնացեք գլուխներդ տվեք պատին՝ բացեք, բա ինչի՞ համար եք, չեք կարողանում բացել՝ ռադներդ քաշեք գնացեք». Աշոտ Հարությունյան
64-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ «բնապահպանները» փակեցին Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, առ այսօր իրավիճակը չի փոխվել, ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանն ասել էր, որ Արցախում այս պահին գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, որոշ տեղերում էլ դադարեցված են։
Արցախում գյուղատնտեսական աշխատանքների հարկադրված սահմանափակումն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, ՀՀ իշխանությունը ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է և կարող է ձեռնարկել։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանը մեր հարցերին պատասխանեց, որ Արցախի շրջափակման օրվանից ի վեր իր մտահոգությունը տարբեր ատյաններում, և՛ բաց, և՛ փակ քննարկումների ժամանակ, հայտնել է։
«Ես ասել եմ, որ ժամ առաջ պետք է մտահոգ լինել, գտնել ճանապարհներ, մինչև այս օրը պետք է որոշակի պաշար ստեղծվեր սերմացուների, դիզվառելիքի, որովհետև այսօր տեսնում ենք, որ ամենաառաջին խնդիրն Արցախի ինքնաբավության խնդիրն է։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի կտրվածքով, քանի որ մենք պատերազմի մեջ ենք ամեն րոպե, Լարսի ճանապարհն էլ տարբեր եղանակներին, տարբեր պատճառներով փակվում է, միշտ պետք է ունենանք մեր պահուստը։
Ինքնին արդեն Արցախի շրջափակումը ցույց տվեց այդ խնդիրը, նույնիսկ այն դեպքում, երբ Արցախը ժամանակին ինքնաբավ էր և օգնում էր Հայաստանին, ես միշտ ասում էի՝ ոսկե պաշար կա Արցախում, որ մի քանի ժամվա ընթացքում Լարսը փակվելու դեպքում Հայաստանի խնդիրը կթեթևացնի՝ գոնե մինչև ճանապարհների բացվելը»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Եվ ինչպես պատկերավոր ներկայացրեց իրավիճակը մեր զրուցակիցը, ջուրը կաթիլ առ կաթիլ ծակում է ժայռը: Նա բազմիցս իշխանություններին հորդորել է՝ քաղաքական ինտրիգները մի կողմ թողնել, քանի որ կան ոլորտներ, որոնք բացարձակ իրավունք չունեն խոսել քաղաքականության մասին և ժամ առաջ պետք է մտածեին երկրի վարուցանքի, պարենի, մթերքի ապահովման մասին։
«Ցավոք, ոչ միայն չլսեցին հորդորները, առաջարկները, այլև տնտեսության ոլորտում այդ կործանարար քաղաքականությունը շարունակվում է՝ անտրամաբանական ձևով, չկա տրամաբանություն։ Փորձագետները, ունակ մարդիկ, այդ թվում՝ ես, մեղմ ձևով ասել ենք, բացատրել, որ՝ մի՛ արեք այն բաները՝ փողերի անտեղի ծախսումը, վատնումը, որոնք չեն բերում ոչ մի օգուտ՝ ոչ տնտեսական աճով, ո՛չ էլ պարենային անվտանգության։ Որ ծրագիրն ուզում եք՝ վերցրեք, ոչ մի լումա չի ծախսվել նպատակով՝ վատնվել է, խժռվել է։ Կապի մեջ եմ տարբեր անձանց հետ, նույնիսկ զանգահարել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին, խնդրել, հորդորել ենք, որպեսզի գտնեն տարբերակներ, ես պատրաստ եմ, ֆերմերներն էլ մշտապես կապի մեջ են ինձ հետ, որպեսզի Արցախին մի ձևով օգնեն։ Եթե, մաքսիմում, մեկ ամիս էլ Արցախում ցանքսը չկատարվեց, լուրջ խնդիր է լինելու, պատկերացնում եք՝ արդեն մեկ ամբողջ տարվա սննդի հարց պետք է այնտեղ կարգավորվի։ Պետք է ճեղքում արվի՝ սերմ ու վառելիք հասցվի Արցախ, այսօր դա սննդից, դեղորայքից կարևոր է, քանի որ գարնան մեկ օրն ամբողջ տարին է կշտացնելու։ Այս ուղղությամբ բացարձակ աշխատանք չի տարվում»,- վրդովված ասաց Ա. Հարությունյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ ապահովված է, նույն հարցը մեկ ամիս հետո առաջանալու է արդեն Հայաստանի համար։ Թանկացումներ են լինելու, կրկին ճանապարհների խնդիր է լինելու։ 44-օրյա պատերազմի ժամանակ մշտապես կրկնել է, որ տեխնիկան, անասնագլխաքանակը, քիմիկատներն անկազմակերպ ձևով ոչնչացվեց, պետք է իշխանությունը քաղաքական հոտառություն ունենար ու այդ հարցը լուծեր։
«Այդ ճանապարհն այսօր փակվել է օրվա իշխանության քաղաքականության հետևանքով, եթե կարելի է ասել «իշխանություն» իհարկե, սա նրա ոչ տրամաբանական աշխատանքների հետևանք է։ Պետք է քաղաքականությունը ճիշտ վարեին, ոչ թե սելը հասցնեին բարդոցի տակ ու ասեին՝ ճանապարհը փակ է՝ գնացեք գլուխներդ տվեք պատին, բացեք, բա դուք ինչի՞ համար եք, չեք կարողանում բացել՝ ռադներդ քաշեք, գնացեք։ Ասում եմ՝ մարտի 13-ին Հայաստանում խնդիրներն ավելի լուրջ են լինելու»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։