ԵՄ-ն հայտարարել էր, որ դիտորդներն ուղարկվում են ՀՀ հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը նպաստելու նպատակով․ եվրոպացի վերլուծաբանը հակադարձում է Փաշինյանին

«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ-ում նշանակում է ԵՄ դիրքերի ամրապնդում Հարավային Կովկասում, այսինքն՝ սա ունի աշխարհաքաղաքական էֆեկտ ու բաղադրիչ։ Բայց նպատակը ռեգիոնում կայունության ապահովումն է, որը պաշտոնապես ձևակերպված է»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելության գործառույթների վերաբերյալ հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մինչև ԵՄ առաքելությունը, օրինակ, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները՝ ընդդեմ Հայաստանի, բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար»:

Ըստ նրա՝ Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել՝ որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից, և քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ։ «Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին ՀՀ-ին խեթ նայել, թե՝ դուք, փաստորեն, հիմա, իրականում, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ՝ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ ռազմական. Մենք ասացինք՝ շատ լավ: Մենք, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք՝ դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում»,- նշել էր Փաշինյանը նախօրեին:

Սյուզան Ստյուարտն ասաց, որ կարող է անդրադառնալ ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ԵՄ դիտորդների մանդատի հարցին, որը հասանելի է ու ձևակերպված։

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն հայտարարել էր, որ դիտորդներն ուղարկվում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը նպաստելու, սահմանին ռիսկերը նվազեցնելու, իրավիճակը մոնիտորինգի ենթարկելու ու զեկույցներ կազմելու նպատակով։

Վերլուծաբանն ակնարկեց, որ իրեն հայտնի չէ գործառույթ, որը կապ ունի Ռուսաստանի հետ։

«Գո՞ւցե հղում է արվում փակ խոսակցությունների, որոնք մեզ հայտնի չեն, ուստի չենք կարող մեկնաբանել։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն թափանցիկ է նման հարցերում, և դիտորդների մանդատը պաշտոնապես ձևակերպված է, դրանում պաշտոնապես որևէ անդրադարձ չկա Ռուսաստանին, և դժվար է պատկերացնել, որ կարող էր լինել։ Եթե չեմ սխալվում, որոշումը կայացվեց սեպտեմբերյան իրադարձություններին հաջորդած Պրահայի բանակցություններից հետո հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու, նոր բախումներ թույլ չտալու համար»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության կոնտեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը նշանակում է՝ ԵՄ դիրքերի ամրապնդում Հարավային Կովկասում, այսինքն՝ սա ունի աշխարհաքաղաքական էֆեկտ ու բաղադրիչ։

«Բայց նպատակը ռեգիոնում կայունության ապահովումն է, որը պաշտոնապես ձևակերպված է»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս