Ռուսաստանի ուշագրավ քայլը Լավրովի աղմկահարույց հարցազրույցից հետո. Ինչո՞ւ Մոսկվան կրկին խոսեց կարգավիճակի մասին
Ռուսաստանից ուշագրավ դիվանագիտական հայտարարությունների ու շեշտադրումների պակաս չկա։ Վերջին շրջանում այդ հայտարարություններում կա հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ու ճգնաժամի մեծ հետքը, որում կորում է ՌԴ իրական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում հատկապես անորոշ դարձավ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումից հետո, երբ, ըստ ռուսական կողմի, հիմք ընդունվեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը իբրև թե ենթադրում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Լավրովը այս մասին խոսել էր նաև անցյալ շաբաթ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Սակայն նույն հարցազրույցում Սերգեյ Լավրովը նաև խոստովանել էր, որ այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ՌԴ-ի համար արդեն ինչ-որ կերպ բարդ է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում։ Իսկ Պրահայի քառակողմ բանակցություններից առաջ ռուսական կողմը շրջանառում էր կարգավիճակի հարցն ընդհանուր առմամբ ապագային թողնելու հարցը՝ այս պահին կենտրոնանալով մյուս բոլոր բաղադրիչների կարգավորման վրա։
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում, խոսելով ԼՂ հակամարտության հարցի մասին, ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, և Բաքուն և Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան: «ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ առաջին եռակողմում արդեն հստակ ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,- ասել է Իլյիչևը։
Նրա խոսքով, պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են՝ ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։
Այստեղ, իհարկե, էականն այն է, որ ռուսաստանցի դիվանագետը ֆիքսում է ԼՂ վերջնական կարգավիճակի անորոշության հարցը՝ ԼՂ կարգավիճակը չդիտարկելով Ադրբեջանի կազմում։ Սա պետք է համարել ՌԴ պաշտոնական դիրքորոշում, և Պետր Իլյիչևի վերոնշյալ ձևակերպումները հենց ներկայիս փուլում ամենևին պատահական չեն կարող լինել, և չի բացառվում, որ կապ ունեն Լավրովի վերջին հարցազրույցի հայկական սուր արձագանքների հետ։ Եվ ըստ էության Ռուսաստանը դառնում է միակ միջնորդը ներկայումս, որը ԼՂ նման կարգավիճակ է ֆիքսում, հնարավորություն տալով հայկական դիվանագիտությանն ակտիվորեն աշխատել, օգտագործելով ՌԴ այս դիրքավորումը։ Սակայն, ինչպես երևում է վերջին իրադարձություններից, ՀՀ իշխանություններն ընդհանրապես որոշել են Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացից, իսկ հայ-ռուսական բարձրաստիճան դիվանագիտական շփումները հասցված են մինիմումի։ Թերևս գլխավոր պատճառներից մեկն էլ, որ ՀՀ իշխանություններին ՌԴ այս դիրքավորումը չի հետաքրքրում, այն է, որ ԼՂ անկախ կարգավիճակի հարցն այլևս վաղուց արտաքին քաղաքական նպատակ չէ ՀՀ դիվանագիտության համար, և ներկայումս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորում է միմիայն Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը։ Թերևս հենց վերջին հայտարարությունից մեջբերենք, որն արվել է փետրվարի պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ հանդիպմանը։
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը, շատ լուրջ դեր ունի խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ այժմ առկա բլոկադայի վերացման հարցում, և՛ առհասարակ տարածաշրջանում»,- նշել է Միրզոյանը։
Մեկ այլ կարևոր հայտարարություն է արել Արարատ Միրզոյանը, որը վերաբերում է դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվող եռակողմ հանդիպման չեղարկմանը կամ, ինչպես Միրզոյանն է ասում՝ հետաձգմանը։
«Եթե կհիշեք, մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք հանդիպումը: Եվ, ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի նորից կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր: Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել: Կուզեի ասել, որ երևի արդարացի կլինի նկատել, որ քաղաքի, վայրի ընտրությունը, իհարկե, կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա մեծ հաշվով գուցե չունի: Եվ այս առումով մենք պատրաստ ենք նորից հերթական հանդիպումը, բնականաբար, հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում»,- ասել է Միրզոյանը, ըստ էության արձանագրելով, որ այս գործընթացում Մոսկվան, Մոսկվայի դիրքորոշումները որևէ առանձնահատուկ նշանակություն չունեն, և Մոսկվան, որպես միջնորդ, չունի որևէ առավելություն։
Չնայած կրկնենք, որ Մոսկվան միակ միջնորդն է, որը ԼՂ բնակչության շահերից ու ցանկություններից բխող ձևակերպում է անում ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Այս առնչությամբ Պրահայի հանդիպումից հետո և Սոչիում նախատեսված հանդիպումից առաջ «Վալդայ» ակումբում կազմակերպված քննարկմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հստակ հայտարարություններ էր արել, մատնանշելով ռուսական ու արևմտյան առաջարկների տարբերությունները ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ ռուս դիվանագետի ձևակերպումներն իսկապես պատահական չեն և, ամենայն հավանականությամբ, արվել են հենց այդ մակարդակով կողմերից որևէ մեկին չվանելու, սակայն գործընթացում հստակություն և ՌԴ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով։
«Ինչո՞ւ այսպես, որովհետև ներկայումս ՌԴ իրավիճակն ամենաբարդն է, և ցանկացած դիվանագիտական հայտարարություն սկսում է շահարկվել հենց Ռուսաստանի դեմ և հավելյալ խաղաքարտ է տալիս ՌԴ-ի դեմ պայքարող կողմերին։ Սակայն Ռուսաստանը նաև այն միջնորդն է, որն այսօր ներկա է Ղարաբաղում և ամենալավն է տիրապետում իրավիճակին, բոլոր կողմերի տրամադրություններին, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի իրավիճակին ու տրամադրություններին։ Կարծում եմ՝ սա էականորեն ազդում է ՌԴ դիրքորոշման ձևավորման վրա։ Բայց պետք է քննարկել, թե արդյո՞ք ՌԴ-ն այս հարցում ունի համախոհներ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ դրանք քիչ են կամ գուցե չկան, ուստի, բնականաբար, բարդ է միայնակ աշխատել այս հարցի ուղղությամբ և բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում խնդիրներ չունենալ կողմերի հետ։ Մոկսվան այսօր տարբեր մասերով ունի խնդիր թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և սա էապես բարդացնում է ՌԴ միջնորդությունն ու դիրքորոշումների առաջմղումը»,- մեկնաբանեց վերլուծաբանը։
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն էլ այն կարծիքին է, որ Ռուսաստանը, հասկանալով, որ որպես միջնորդ չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները, և Արևմուտքը կարողանում է արդյունավետորեն աշխատել կողմերի հետ, փորձում է նոր թեզեր դնել շրջանառության մեջ կամ թարմացնել հները և դրանով՝ իր դերակատարությունը։
«Ներկայումս ԵՄ-ն նոր խաղադրույքներ է անում Թբիլիսիի միջնորդության վրա, այսինքն՝ նոր կոմբինացիա է խաղարկում, քանի որ Միշելի գեներացրած գործընթացը խնդիրների բախվեց, իսկ վրացական հարթակը կարծես ընդունելի է թե Երևանի, Բաքվի, թե Արևմուտքի համար։ Բայց սա աշխարհաքաղաքական պայքար է, որտեղ Արևմուտքը բավականին լավ դիրքեր ունի, և դա, բնականաբար, անհանգստացնում է Ռուսաստանին, որն էլ իր հերթին՝ փնտրտուքի մեջ է՝ ինչ առաջարկել կողմերին և գրավել նրանց դեպի Մոսկվա»,- ասաց վերլուծաբանը։