Վրաստանից մեքենաների արտահանմամբ Հայաստանն առաջին եռյակում է
Վրաստանից թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանման գումարն աճել է 98 տոկոսով։ Տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Ըստ տվյալների, եթե 2021 թվականին Վրաստանից արտահանվել է 456,5 մլն դոլար արժողությամբ մեքենաներ, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 903,8 մլն դոլար։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանից 79 հազար 887 մեքենա է արտահանվել, իսկ 2021 թվականին՝ 63 հազար 860 մեքենա։
Ի դեպ, 2022 թվականի տվյալներով՝ Վրաստանից արտահանվող ապրանքերի մեջ մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքների մեջ՝ առաջին տեղում։ 2022 թվականին Վրաստանից ամենաշատ մարդատար ավտոմեքենաներն արտահանվել են հետևյալ երկներ.
- Ադրբեջան՝ 30 հազար 452 մեքենա՝ 308,4 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 12 հազար 673 մեքենա՝ 119,8 մլն դոլար,
- Հայաստան՝ 11 հազար 932 մեքենա՝ 144,7 մլն դոլար,
- Ղազախստան՝ 7 352 մեքենա՝ 104,4 մլն դոլար,
- Ղրղզստան՝ 7 441 մեքենա` 70,9 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 5 395 մեքենա՝ 75,6 մլն դոլար,
- Տաջիկստան՝ 2 610 մեքենա՝ 17,2 մլն դոլար,
- Բելգիա՝ 540 մեքենա՝ 24,7 մլն դոլար,
- Մոլդովա՝ 313 մեքենա՝ 3,082 մլն դոլար,
- Բելառուս՝ 230 մեքենա՝ 6,4 մլն դոլար: