Թեժ վեճ՝ էս ի՞նչ սպառնալիք եք ուղղում իշխանությանը, դուք տե՞ր եք այդ ասածներին. Գուրգեն Արսենյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որը վերաբերում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության» նախագծի քննարկմանը: Լսումներին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Իշխանական պատգամավորը բուն խնդրին անդրադառնալու փոխարեն՝ սկսեց քննադատել ելույթ ունեցողների բառապաշարը, թե ցանկանում էր լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսել է «վռնդվածների կողմից՝ վռնդելու հոխորտանք»։
«Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ գործող օրինական իշխանությանը, ասենք դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին։ Իշխանությունը հասկանում է իր ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է դրանից լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք անում, երևի ինչ-որ բան մոռացել եք իրականությունից։ Մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք հիմա կանգնած։ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ 120 հազար մարդ… 3 մլն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- հայտարարեց Գուրգեն Արսենյանը։
Երբ դահլիճից իշխանական թևի պատգամավորին հակադարձեցին, նա կրկին նույն ոճով ու բառապաշարով շարունակեց.
«Ձեզ թվում է, թե տրիբունալի մաս եք, ո՞վ եք դուք, արա, դատավարությո՞ւն եք անում, ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը, տվել է ընտրությունների ընթացքում»,- շեշտեց նա։
Երբ դահլիից հարց ուղղեցին նրան, թե որպես իշխանություն՝ ինչպե՞ս են բացելու Արցախի ճանապարհը, Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանի համար, Գուրգեն Արսենյանը առաջին հարցին չպատասխանեց, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ ասաց՝ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից։
«Քսենոֆոբիան է վտանգավոր Հայաստանի համար։ Հայաստանի քաղաքական պատասխանատուները շարունակելու են կատարել իրենց աշխատանքը, դուք դրա վրա չեք կարող ազդել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում