Բաժիններ՝

Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ԻՀՊԿ-ն ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու օգտին

ԵՄ-ն իրավական տարբերակներ է քննարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասելու համար: Այս քայլը կարող է վերացնել «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (ԳՀՀԾ) վերականգնելու բոլոր հույսերը:

Գերմանիան և Ֆրանսիան պաշտպանում են ԻՀՊԿ-ն Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գաղափարը։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով այս հարցի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրների։

Նրանց տեղեկատվությամբ՝ Բեռլինն ու Փարիզը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պաշտպանությամբ հանդես են եկել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը։

Լրատվամիջոցը նշում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ԵՄ իրավաբանական ծառայությունը կպատրաստի եզրակացություն այս միջոցի օրինականության վերաբերյալ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հավաստել է, որ «անդամ շատ պետություններ հավանություն են տալիս այս առաջարկին»։

Դրա հետ մեկտեղ թերթի աղբյուրները հավելել են, որ Ֆրանսիան ավելի շատ շահագրգռված է ահաբեկչական ճանաչել ոչ թե ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլ միայն դրա որոշ տարածաշրջանային ստորաբաժանումներ։

Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներն այս հարցում կարևոր են, քանի որ այդ երկու երկրները, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին, հանդիսանում են 2015 թ.-ին Իրանի հետ միջուկային գործարքը ստորագրող կողմեր (ԱՄՆ-ն, սակայն, միջուկային գործարքից միակողմանիորեն դուրս է եկել 2018 թ.):

Բորելը մտավախություն է հայտնել, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելն, ամենայն հավանականությամբ, անհնարին կդարձնի ԳՀՀԾ-ի վերականգնումը: «Եթե իրանական ռեժիմն այդքան վատն է, ապա մենք պետք է փորձենք խուսափել, որ նման վարչակարգի ձեռքում միջուկային ռումբ հայտնվի:

Եվ ես այլ ճանապարհ չգիտեմ, քան այնպես անել, որ ԳՀՀԾ-ն գործի», – մեջբերում է հրատարակությունը Բորելի խոսքերը: Հունվարի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են բանաձև, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Փաստաթուղթը հանձնարարական բնույթ Է կրում։ Ի պատասխան՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ «այդ դեմարշը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»։

Նրա խոսքով՝ «Արևմուտքում նման քայլի են դիմել իրանցի ժողովրդի միասնությանը հարված հասցնելու անհաջող փորձերից հետո»:

Financial Times-ն ընդգծում է, որ մեկ այլ պետության զինված ուժերը մյուս պետության կողմից ահաբեկչական ճանաչելը չափազանց արտասովոր է, և արևմտյան երկրների կողմից այս գաղափարի աջակցությունն ընդգծում է, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ դիրքորոշումը խստանում է:

Հունվարի 23-ին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասել, քանի որ դրա համար ԵՄ-ին «անհրաժեշտ է ԵՄ երկրներից մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկչություն են գործել ԵՄ երկրներից մեկում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս