Տարանջատում՝ հանուն փրկության

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին շրջանառել «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը՝ որպես Արցախի կարգավիճակի, Արցախի բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հնարավորություն։

Կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակը պաշտոնապես մոռացվեց, անգամ «Արցախի կարգավիճակ» արտահայտությունը տաբու դարձավ Հայաստանի պաշտոնյաների համար, որոնք սկսեցին խոսել արդեն միայն «Արցախի հայության» (տաբուից բխող պարտադրանքով այլևս նրանք օգտագործում են միայն այդ բնորոշումը) անվտանգության ու իրավունքների մասին։ Արցախի կարգավիճակի նպատակադրումը, այսպիսով, անհետացավ պաշտոնական Երևանի բառապաշարից, որին փոխարինելու եկան արդեն միայն Արցախի բնակիչների անվտանգության ու իրավունքների ապահովման վերաբերյալ անորոշ ձևակերպումները։

Բերձորի միջանցքի փակումից հետո, սակայն, Հայաստանը՝ շարունակելով ձևական, արարողակարգային հայտարարությունները, գործնականում հրաժարվեց նաև Արցախի բնակիչների անվտանգության ու իրավունքների ապահովման պարտականությունից՝ ուղիղ տեքստով հասկացնելով, որ բոլոր հարցերն այլևս պետք է լուծվեն Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջոցով։ Բայց այնպես չէ, որ Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր խոսել Արցախի իշխանությունների հետ։ Այդ հնարավոր խոսակցության համար Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Արցախի իշխանություններ, որպես այդպիսին, չլինեն, և խոսակցությունը ծավալվի Բաքվի և «Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների» միջև։ Հենց դա էլ հիմա փորձում են ապահովել Հայաստանի իշխանությունները՝ Արցախում իշխանությունը գործնականում կազմաքանդելու, Արցախին սուբյեկտայնության վերջին մնացուկներից զրկելու համար։ Դա էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով պետնախարար Ռուբեն Վարդանյանին հրաժարականի մղելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրի նպատակը, որը գոնե այս փուլում տապալվեց։

Բայց անկախ ընթացիկ քաղաքական զարգացումներից, գլոբալ իմաստով Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարությանն առաջարկում-ստիպում է հանձնվել Ադրբեջանի առաջ, կատարել վերջինիս բոլոր պահանջները՝ իր համար Արցախի խնդրից վերջնականապես ձևերբազատվելու նպատակով։ Իսկ թե ինչ կլինի Արցախի ու արցախցիների ճակատագրի հետ, Նիկոլ Փաշինյանին, մեծ հաշվով, քիչ է հետաքրքրում։

Կարդացեք նաև

Այսպիսով, գոնե այս պահի քաղաքական ստատուս-քվոն հետևյալն է․ Հայաստանն Արցախին առաջարկում է հանձնվել (նաև փորձում է պարտադրել), Արցախը դեռևս դիմադրում է։ Այս պայմաններում գոյատևելու և գոնե տեսական հեռանկար ունենալու համար Արցախին, Արցախի իշխանությանը մնում է հնարավորինս դիստանցավորվել Հայաստանից, քանի որ վերջինիս հետ նույնական դիրքորոշումը նշանակում է հանձնվել Ադրբեջանին։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանից «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը երբևէ իրականություն դարձնելու համար Արցախն ուղղակի այլ ճանապարհ չունի, քան հետևել «Տարանջատում՝ հանուն փրկության» ռազմավարությանը, այն տարբերությամբ, որ այս դեպքում անհրաժեշտ է տարանջատվել Հայաստանից, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունից։ Լայն իմաստով, Արցախն այսօր գոյաբանական պայքար է մղում միանգամից, զուգահեռաբար մի քանի ճակատներով։

Առաջինն ու ամենագլխավորը, իհարկե, Ադրբեջանն է, բայց որքան էլ տարօրինակ ու հակաէսթետիկ հնչի, Արցախի իշխանության համար պայքարի զուգահեռ հարթությունն ընդգրկում է Հայաստանի իշխանության հետ հարաբերությունները, քանի որ վերջինս անուղղակիորեն նպաստում, իսկ ավելի հաճախ՝ նաև գործնականում նպաստում է ադրբեջանական քաղաքականության առաջմղմանը։ Կասկածողները կարող են լսել Հայաստանի իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի վերջին բարբաջանքները, որոնք որևէ կերպ չեն հերքվել իշխանության որևէ մարմնի կողմից ու չհերքվելով՝ դարձել են իշխանության հավաքական տեսակետ Արցախի ու արցախցիների վերաբերյալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս