Էստոնիան փորձում է անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար. Ալար Կարիսը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը
Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն՝ ընդլայնված կազմով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Ալար Կարիսն առանձնահատուկ շեշտել է, որ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և ընդգծել նման բարձր մակարդակի հանդիպման կարևորությունը։
«Ներկայում Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն՝ այցելել Էստոնիա, քանի որ կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ մենք այն երկրները չենք, որ նման «ճոխություն» կարող ենք մեզ թույլ տալ, և այդ բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, թվայնացման, կիբերանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտները: