Սրանում միայն կառավարության ստվերն է երևում

Հայաստանի տնտեսությունը, կառավարությունից անկախ պատճառներով, անցած տարի հայտնվեց նպաստավոր տնտեսական միջավայրում։ Արդյունքում՝ տնտեսության մի շարք ոլորտներում բարձր աճեր գրանցվեցին, ինչը շատ է ոգևորել իշխանություններին։ Չնայած իրենք էլ գիտեն, որ այդ աճերի հետ կապ չունեն։ Դրանք ոչ թե կառավարության ու իշխանությունների աշխատանքի արդյունք են, այլ կապված են իրենցից անկախ պատճառների, ի մասնավորի՝ դրսից թելադրված պահանջարկի հետ։

Հայաստանի տնտեսությունը տարեսկզբից բախվեց արտաքին դրական շոկերի հետ։

Մինչ բազմաթիվ երկրներ ռուս-ուկրաինական հակամարտության ու կիրառված պատժամիջոցների պատճառով ահռելի վնասներ էին կրում, մեր տնտեսությունը հայտնվել էր միանգամայն շահեկան վիճակում։ Տնտեսական աճի հիմնական գործոնը դարձավ փողի, մարդկային ռեսուրսների ու բիզնեսի փախուստը Ռուսաստանից։  Հակամարտության ու պատժամիջոցների հետևանքով մեծ քանակությամբ Ռուսաստանի քաղաքացիներ հարկադրված հայտնվեցին Հայաստանում։ Տեղափոխվեց նաև բիզնեսի որոշ հատված, հատկապես ՏՏ ոլորտից, ինչը մեծապես ազդեց թե՛ աշխատատեղերի, և թե՛ ոլորտի արտադրական ծավալների վրա։

Ամենամեծ ազդեցություններից մեկը հանդիսացավ ֆինանսական միջոցների այն հսկայական հոսքը, որն իրենց հետ բերեցին տեղափոխված քաղաքացիներն ու բիզնեսը։ Դրանք էլ դարձան հատկապես ծառայությունների հիմնական խթանները։ Ազդեցությունները կտրուկ արտահայտվեցին անշարժ գույքի վարձակալության ու հյուրանոցային բիզնեսի, հանրային սննդի, ֆինանսական միջնորդությունների ու այլ հատվածներում։

Ծառայությունների դերն ամենաբարձրն էր տնտեսական աճի ապահովման գործում, սակայն դա գերազանցապես արտաքին պահանջարկով պայմանավորված աճ էր։

Արտաքին պահանջարկով պայմանավորված՝ կտրուկ ակտիվացավ նաև առևտուրը։ Բայց ոչ մանրածախ առևտուրը։ Մանրածախ առևտրի ոլորտում, չնայած մարդկային բավական մեծ հոսքերին ու, որ պակաս էական չէ, երկարաժամկետ հոսքերին, մանրածախ առևտրի աճն ամբողջ տարվա ընթացքում 2-2,5 տոկոսից չանցավ։ Դա էլ՝ հիմնականում դրսի գործոնի արդյունքում։

Գնաճային բարձր ճնշման միջավայրում ներքին սպառողական պահանջարկը մի բան էլ կրճատվեց։ Եվ դա պատահական չէր, եթե հաշվի առնենք իշխանությունների իրականացրած, կամ, որ ավելի ճիշտ է ասել, չիրականացրած սոցիալական քաղաքականությունը։

Չնայած արձանագրվող բարձր գնաճին, սոցիալական ոլորտում պետական օժանդակության ոչ մի շոշափելի ծրագիր չիրականացվեց։ Երկու տարվա բարձր գնաճից հետո տարվա վերջին 3 հազար դրամով ավելացրին կենսաթոշակներն ու նպաստները, այն պարագայում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը դրանից մի քանի անգամ ավելի էր թանկացել։

Բարձր գնաճի ու եկամուտների անհամաչափ աճի հետևանքով, քաղաքացիների մեծ մասը բախվեց գնողունակության կորստի հետ, ինչն էլ արտահայտվեց առաջին հերթին մանրածախ առևտրի շրջանառությունների վրա։

Ի տարբերություն մանրածախի, ակտիվ էր մեծածախ առևտուրը, որը կապված էր արտաքին առևտրի հետ։

Արտաքին առևտուրը դարձավ տնտեսության արձանագրած բարձր աճի հիմնական գործոններից մեկը։ Արձանագրվեցին՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման 60-70 տոկոսանոց աճեր։ Բայց այդ աճերը ևս մեր տնտեսության, առավել ևս՝ կառավարության ու իշխանությունների աշխատանքի արդյունքը չէր։ Դրսից մեծ քանակությամբ ապրանքներ ներկրվեցին Հայաստան ու արտահանման անվան տակ մատակարարվեցին այլ շուկաներ։

Առևտրային այդ շարժերն էլ ազդեցին՝ ինչպես ներմուծման ու արտահանման, այնպես էլ՝ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ Դրանք իրականում մեծ բան չտվեցին մեր տնտեսությանը, փոխարենը՝ լիուլի հնարավորություն ապահովեցին կառավարության ու իշխանությունների համար՝ գովաբանելու իրենց իրականացրած «փայլուն» տնտեսական քաղաքականությունը։

Այդ տնտեսական քաղաքականության «փայլուն արդյունքները» տեսնում ենք գյուղատնտեսության մեջ։

Միլիարդների սուբսիդիաներ ու վարկային ներարկումներ են կատարել գյուղատնտեսության մեջ, իսկ արտադրության ծավալներն ամեն տարի, միևնույն է, նվազում են։

Գյուղմթերքների արտադրության ծավալները նվազում են, ինչն էլ դառնում է ներքին գնաճի հիմնական պատճառներից մեկը։ Դա իր ուղղակի հետևանքն է ունենում նաև մշակող արդյունաբերության վրա, որի բազմաթիվ հատվածներում ունենք անկում։ Նվազել է մսի, մսամթերքի, երշիկեղենի, յուղերի, կաթնամթերքի և բազմաթիվ այլ գյուղմթերքների արտադրությունը։

Մեր տնտեսության իրական հատվածում գործերը նույնքան մտահոգիչ են, որքան նախկինում, ոչ մի նշանակություն չունի, որ տնտեսության տարբեր ոլորտներում պաշտոնապես բարձր աճեր են արձանագրվում։ Դրանից տնտեսության պոտենցիալը չի բարձրանում, որովհետև այդ աճերը մեծամասամբ կապված չեն մեր տնտեսության իրական հատվածի զարգացումների հետ։ Եվ, որ առավել վատ է, դրանք հիմնականում ժամանակավոր բնույթ են կրում՝ այսօր կան, վաղը կարող են չլինել։ Ու այդ դեպքում տնտեսությունը կհայտնվի մեկ այլ ծայրահեղության մեջ։

Այդպիսի իրավիճակներից խուսափելու ճանապարհն առկա ժամանակավոր հնարավորությունները տնտեսության պոտենցիալի ավելացմանն ուղղելն է։ Բայց դա էլ իշխանություններին չի հաջողվում։ Ֆինանսական այն հսկայական հոսքերը, որոնք վերջին շրջանում հայտնվում են Հայաստանում, քնած են մնում բանկերում կամ այլ ճանապարհներով դուրս են գալիս երկրից։

Դրանք այդպես էլ տնտեսական կապիտալի չեն վերածվում։ Չկան նաև գործիքներ ու մեխանիզմներ՝ տնտեսական կապիտալի վերածվելու համար։

Այն հայտարարությունները, որ հնչեցնում են իշխանությունները, թե ստեղծել են իդեալական պայմաններ Հայաստանում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ձևական բնույթ են կրում։ Միայն այն, որ Հայաստանը բախվել է անվտանգային լուրջ խնդիրների հետ, ու այդ խնդիրները նաև տնտեսական անվտանգության դաշտում են, բավարար են, որպեսզի արտաքին կապիտալը Հայաստանում երկարաժամկետ հանգրվան չգտնի։ Այսպիսի պայմաններում կարող են լինել փողի ընդամենը ժամանակավոր կանգառներ, որոնք տնտեսությանը մեծ օգուտներ չեն կարող տալ, ինչպես չտվեցին ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո սկսված մեծածավալ հոսքերի պարագայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս