Թուրքիայում ոգևորված են բնական գազի հանքավայրերի հայտնաբերումից
Թուրք պրոֆեսոր Իսհաք Թուրանը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր ներկայիս ազգային էներգետիկ քաղաքականությունը, ապա առաջիկա տարիներին էապես կնվազեցնի իր արտաքին կախվածությունը բնական գազի և նավթի առումով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրանը շեշտել է, որ վերջերս «Չայկումա-1» հորատանցքից 58 մլրդ խմ բնական գազի հայտնաբերումը իրենց համար խիստ ուրախալի է։ Քանի որ բնական գազի հարցում Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է արտաքին աշխարհից, հետևաբար, ըստ պրոֆեսորի, բնական գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի հայտնաբերումը չափազանց կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության և արդյունաբերության համար։
Նշենք, որ Թուրքիան իր սպառած բնական գազի 99.5 տոկոսը ներմուծում է այլ երկրներից (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ալժիր)։ Տարեկան Թուրքիան սպառում է միջինը 58-60 մլրդ խմ բնական գազ և հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը։ Օրինակ՝ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրի՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։
Պրոֆեսորը հույս է հայտնել, որ 2023թ. ևս Թուրքիայում կհայտնաբերվեն բնական գազի պաշարների հանքավայրեր։ Ըստ Իսհաք Թուրանի՝ 2025թ. վերջին նախատեսվում է մոտավորապես 15 մլրդ խմ բնական գազի արդյունահանում։ Այդ ծավալը համապատասխանում է Թուրքիայի բնակիչ բաժանորդների սպառած բնական գազի քանակին։ Սա նշանակում է, որ այդ առումով Թուրքիան ինքնաբավ լինելու «հայտ է ներկայացնում»։
«Սա մեզ ցույց է տալիս, որ մեր երկրի բնակարաններում մոտ 47 տարի սպառվող բնական գազը ոչ թե կներմուծվի դրսից, այլ արդեն կմատակարարվի Սաքարյա գազի հանքավայրից»,- ակնկալում է թուրք պրոֆեսորը։