«Սա հացի խնդիր չի, այլ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն է»․ Շուշիից տեղահանված կինը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

«Քույրս, մայրս, ախպերս, սաղ բարեկամներս այստեղ են, տնով-տեղով, ցեղով այստեղ ենք՝ Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից արդեն 2 տարի օկուպացված Շուշիի նախկին բնակիչ, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախկին տնօրեն, այժմ Ստեփանակերտում ապաստան գտած Լաուրա Հովսեփյանը։

Արցախցի կինն ասաց, որ որքան էլ ճանապարհը փակելու հետևանքով անհարմարություններ են առաջացել, կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է, չեն ընկճվում, խուճապի չեն մատնվում։

«Այն, որ արցախցիները պատերազմից հետո վերադարձել են այստեղ, անձամբ ես, որ եկել եմ այստեղ, գիտակցել եմ՝ ուր եմ գալիս, ինչու եմ գալիս։ Ես գիտակցել եմ, որ Լաչինի ճանապարհը փակելու են, ու մենք ընկնելու ենք այս վիճակի մեջ, մենք դա գիտակցելով ենք եկել, դրա համար մեր վիճակի համար յուրաքանչյուրս անձամբ պատասխանատու ենք, դրա համար մենք մեր կողքի մարդուն չենք ասում՝ հայրենասիրությունը, հայրենիքը լավ բան է, այստեղ մնա, ասում ենք՝ ով ոնց գտնում է, այդպես էլ թող անի, ամեն մարդ պատասխանատու է ինքն իր քայլերի համար։

Հիմա, եթե ժողովրդի մեծ մասը գիտակցաբար այստեղ է, իրենցից յուրաքանչյուրը պատասխանատու է իր քայլի համար, մնացածը հետո ղեկավարներին կարող է պահանջ ներկայացնել։

Կարդացեք նաև

Որովհետև ճանապարհը բաց է եղել, ով ուզեցել է՝ դուրս է եկել, իհարկե, տարբեր պատճառներով են դուրս եկել, մեկը՝ կենցաղային, մյուսը՝ աշխատանքի, տարբեր-տարբեր, դա իրենց որոշումն է, բայց, եթե այստեղ այսքան մարդ մնացել է, դա էլ եղել է մեր որոշումը։

Այսինքն՝ գիտակցաբար արված քայլ է, մենք հասկանում ենք՝ որտեղ ենք, ինչի համար ենք եկել ու ինչքան կդիմանանք՝ կդիմանանք։ Բայց մեր այս քայլերն անձնական հարցեր լուծելու համար չի, որովհետև անձամբ ես կարող եմ ուրիշ տեղ ապրել, միջոցներ ունեմ, բարեկամներ ունեմ տարբեր երկրներում, կարող էի գնայի այնտեղ ապրեի, բայց, եթե ես ապրեի ուրիշ տեղ, ես չէի կարողանա հանգիստ ապրել, ինձ համար ավելի հանգիստ է լինել այստեղ՝ ժողովրդիս հետ, թեկուզ շրջափակման մեջ, քան թե դրսում՝ անհանգիստ։

Կարծում եմ՝ իմ վիճակն ավելի լավ է, քան այն հայերի վիճակը, որոնք դրսում են, ու դրսից անհանգստանում են մեզ համար, ես դա շատ լավ եմ գիտակցում։ Դրա համար մեզ համար ավելի հեշտ է այստեղ լինել՝ շրջափակման մեջ, քան արտերկրում, ու անհանգստանանք այս վիճակի համար»։

Արցախցի կնոջ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը սպասվող նոր արհավիրքի մասին զգուշացում է : Եվ նա համախմբման կոչ արեց համայն հայությանը․

«Սա հացի խնդիր չի, այլ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն է։ Սա միայն Արցախի հարց չի, պետք է հասկանանք, որ ճանապարհը փակելը չի հարցը, ճանապարհ է, փակել են՝ կբացեն։ Սա զգուշացում է ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ աշխարհին՝ հայը կլինի՞, թե՞ չի լինի, Հայաստան կլինի՞, թե՞ չի լինի, այ հարցը դա է։ Ճանապարհը փակելը զգուշացում է և զգոնություն է պահանջում հայ ժողովրդից, հայ մտավորականությունից, խելքը գլխին մարդկանցից, որ էս ազգը կմնա՞, թե՞ չի մնա, հայությունն իր հողում իրավունք ունի՞ ապրելու, թե՞ չէ, կամ կապրի՞, թե՞ չի ապրի։ Իսկ այս հարցերի լուծումը կախված է բոլորիցս, որ հասկանանք, որ սովորական խնդիր չի։ Արցախում ժողովուրդը հասկանում է, թե սա ինչ հարց է, բայց պետք է ամբողջ աշխարհի հայությունը հասկանա։ Սա այն հարցն է՝ դու քո տան մեջ կարո՞ղ ես ապրել՝ որպես տանտեր, թե՞ ոչ, այ դա պետք է հասցվի հասարակությանը»։

Հիշեցնենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ թշնամին փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։

Շրջափակման պատճառով խախտվել են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։

Տեսանյութեր

Լրահոս