Պաշտպանը կոչով դիմել է միջազգային դերակատարներին
Պաշտպանը միջազգային դերակատարներին դիմել է կոչով՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։
Ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները և կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա:
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։