Մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահներին տրվի միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ Արցախի տոտալ շրջափակումն արդեն սկսվել է:

«Կլինի՞ դա նախաբան՝ ավելի լայնածավալ գործողությունների համար, ինչ-որ կերպ դա կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից: Եթե չլինի արձագանք, եթե անտարբերություն լինի, որևէ շահագրգռվածություն չլինի, կարեկցանք չլինի Արցախի ժողովրդի նկատմամբ, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների, եթե ոչ հիմա, ապա մի քիչ ավելի ուշ»,-շեշտեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ երբ Ադրբեջանը տեսնում է անպատժելիություն, անգամ միջազգային որոշ խաղացողների, օրինակ՝ Թուրքիայի կողմից խրախուսում, բանական է, որ Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում նման սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում սովամահի առաջ կանգնեցնելով մի ամբողջ ժողովուրդ. «Հետևաբար, կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից: Եթե աշխարհով մեկ լինի կոշտ արձագանք, դա իր ազդեցությունը կունենա»:

Հարցին՝ տեսնո՞ւմ է հնարավորություն՝ ռուս խաղաղապահների կողմից ճանապարհը ռազմական ճանապարհով բացելու, նա պատասխանեց. «Դուք քաջատեղյակ եք, որ մենք մի շարք կարևոր պատգամներ ենք ուղարկել միջազգային հանրությանը՝ կապված խաղաղապահ առաքելության և նրանց գործունեության հետ: Բոլոր համապատասխան կառույցները առաջարկել են, որ անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների քանակը: 1980 հոգի՝ շփման գծի ամբողջ երկայնքով կամ մոտակայքերում տեղակայված, քիչ թիվ է: Ադրբեջանական թատերական ներխուժման դեմ կանգնած էր ընդամենը 1,2,3 խաղաղապահ զինվոր:

Երկրորդ՝ մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ՝ հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, ինչը կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն կտար կանխել նման պրովոկացիաները: Այդ ուժերը խաղաղապահները, նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է Կոսովոյում և այլ տեղերում: Ստանալով միազգային մանդատ՝ նոր որակ կհաղորդվեր այդ առաքելությանը և միգուցե ավելի կայուն կլիներ իրավիճակը: Փաստորեն, 2020թ. նոյեմբերի 9-ի միջազգային պայմանավորվածության կոպտագույն խախտում տեղի ունեցավ»:

Տեսանյութեր

Լրահոս