168․am–ն անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի՝  «Միայն Արցախի մասին»

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը՝ կեղծ «բնապահպանների» և «լրագրողների» միջոցով, փակել է Երևան-Ստեփանակերտ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ Արցախի մեր հայրենակիցներին կտրելով Հայաստանի ու աշխարհի հետ միակ կապից։ Արցախից Հայաստան մեկնող տասնյակ ավտոմեքենաներ, Արցախ վերադարձող հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին՝ ստիպված լինելով գիշերել այնտեղ։ Անհնար է դարձել Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդների տեղափոխումը, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

Արցախը հայտնվել է հումանիտար աղետի սպառնալիքի առջև՝ Հայաստանի իշխանությունների կատարյալ լռության, միջազգային հանրության անտարբերության պայմաններում։

Հայաստանը, սակայն, կարծես ապրում է զուգահեռ իրականությունում, շատերի համար կյանքն ընթանում է բնականոն հունով, և անտեղյակ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այս երկրում միակ մտահոգությունը գալիք ամանորի պատրաստությունն է։

Այս տպավորությանն ակամայից նպաստում ենք նաև մենք՝ լրատվամիջոցներս, Արցախի մեր հայրենակիցների գոյաբանական սպառնալիքի պայմաններում շարունակելով լուսաբանել անկարևոր իրադարձություններ, մատուցել իրավիճակին անպատշաճ լուրեր, ինչը ստեղծված իրավիճակում նպաստում է Լաչինի միջանցքի փակմամբ պայմանավորված աղետի հանրային ընկալումը խլացնելուն։

Հաշվի առնելով այս իրողությունները, 168am կայքի և «168 Ժամ» թերթի խմբագրակազմը որոշում է կայացրել այս պահից սկսած լուսաբանել միայն Լաչինի միջանցքում և Արցախում կատարվող իրադարձությունները, կարծիքներ, մեկնաբանություններ ու գնահատականներ ներկայացնել բացառապես բոլորիս համար ճակատագրական և կենսական նշանակություն ունեցող այդ թեմայի վերաբերյալ։

Մենք այդ ռեժիմով կաշխատենք այնքան ժամանակ՝ մինչև կվերաբացվի Արցախն աշխարհին կապող կյանքի ճանաապարհը և կչեզոքացվեն արցախցի մեր հայրենակիցներին սպառնացող  կենսական վտանգները։

Այս պայմաններում առավելագույնը, որ կարող ենք անել մենք՝ լռել ամենայնի շուրջ և խոսել միայն Արցախի, արցախցիների մասին։ 

Տեսանյութեր

Լրահոս