«Ուշքի եկեք, էս ի՞նչ եք անում». քաղաքացիները՝ դատարկ ստամոքսի և 700.000 դոլարի 1-ամսյա ճոխության մասին

Մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը շուրջ 285.000.000  (երկու հարյուր ութսունհինգ միլիոն) դրամ է ծախսել, ինչը համարժեք է 700.000 ԱՄՆ դոլարի։

Սոցիալական ցանցերում այս ծախսը բուռն քննարկումների տեղիք տվեց, ոմանք արդարացնում էին այն, ոմանք՝ քննադատում, նշելով, որ այդ գումարը ճիշտ կլիներ ուղղել սահմանների կահավորմանը։

168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներին հարցրել՝ արդարացվա՞ծ են համարում այս ծախսը, թե՞ ոչ։

Մարդկանց մեծ մասը նշում էր, որ իրենց համար ավելի կարևոր է, որ գումարն ուղղվեր բանակին, ապահովելով զինվորների անվտանգությունը։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ հնարավոր էր կրճատել ու կեսից ավելին ուղղել ավելի պետքական գործերին, սահմանին, զինվորների համար զենք գնել»,- ասաց երիտասարդ մի աղջիկ։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց․

«Եթե հստակ տիրություն արած լինեն, որ այդ ամենը չթալանվի, ուրեմն ճիշտ է»։

Քաղաքացիներից մեծահասակ մի կին ևս առաջին տեղում զինվորների անվտանգության հարցը կարևոր համարեց․

«Առաջին հերթին զինվորների մասին պետք է մտածել, հետո նոր ճոխություններ մեզ թույլ տանք։ Զինվորի ապահովությունը, զինվորի քնելու տեղը, զինվորի ուտելիքը։ Երբ այդ ամեն ինչը լինի, նոր այս ամենը մեզ կուրախացնի»։
«Երբ երկիրն անվտանգության ռեալ խնդիր ունի, առավել կարևոր է սահմանների հարցը լուծելը»,- ասաց երիտասարդ մի աղջիկ։

Տարեց մի կին էլ ասաց, քանի որ «Մանկական եվրատեսիլն» այս տարի Հայաստանում է անցկացվում և տարբեր երկրներից հյուրեր են ժամանել, սա Հայաստանը ներկայացնելու մի ձև էր․

«Որ հյուրեր ունենք, պետք էր, սենց են ճանաչում քո ազգը, քո երկիրը։ Եթե ծախսը նորմալ լինի, չթալանվի, կորած տեղ չի։ Մեր ազգի պատիվն է՝ տեսնում են, ճանաչում են»։

Հարցվածներից մեծահասակ մի կին էլ ասաց, որ դեմ չէ Ամանորին ընդառաջ քաղաքը զարդարելուն, հատկապես, որ դա փոքրիկներին ուրախություն է պարգևում, բայց չի ընդունում նաև այսքան ճոխությունը, երբ երկրում բազում խնդիրներ կան։ Այս համատեքստում քաղաքացին հիշեց նաև պաշտոնյաների բարձր աշխատավարձերին զուգահեռ՝ ոչ պակաս բարձր պարգևավճարները․

«Պատգամավորները թող գիտակցելով հրաժարվեին այդ հավելավճարներից, դրանք ուղղորդեին՝ որտեղ որ պետք էր։ Կարո՞ղ է տենց խեղճուկրակ են իրենք, գալիս նստում են, ոչ մի բան չեն անում, էդ լավ գումարները դնում են գրպանները, իսկ մեր երեխեքի մեկի ոտքը չկա, մեկի ձեռքը չկա, որ նայում ես, լացդ գալիս է․․․»։

Քաղաքացիներին հարցրեցինք նաև, թե ինչպե՞ս են պատրաստվում նշել Նոր տարին։ Մեծ մասը պատասխանեց, որ ճոխություններ թույլ չեն տալու, նշելու են ընտանեկան, մտերմիկ միջավայրում։

«Ֆորմատ չունենք, շատ թեթև ենք նշելու։ Նախկինում 5000 դրամով մի հատ լավ ծնունդ էինք անում, հիմա 50.000 դրամով չենք անում»,- ասաց մի տղամարդ։

«Հաշվի առնելով երկրի իրավիճակը, վերջին պատերազմը, ավելի զուսպ ենք, ճոխություններ թույլ չենք տալու»,- ասաց երիտասարդ մի աղջիկ։

Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց՝ սովորաբար Ամանորին մեկնում է արտերկիր․

«Սովորական եմ նշելու, այստեղ չեմ լինելու, գնում եմ ման գալու»։

«Այսքան կորստից հետո ուղղակի մարդու լաց է գալիս։ Ես չգիտեմ, որևէ ազգ նման սպանդի ենթարկվե՞լ է, թե՞ միայն հայ ժողովրդի հետ է սա կատարվում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սերունդ պետք է տայինք։ Դա ցեղասպանություն էր, մտածված ծրագիր էր․․․»,- ասաց մեծահասակ մի կին։

Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ հիասթափված է ամեն ինչից, և ստեղծված իրավիճակից 2 ելք է տեսնում․

«Մեզ մի հատ ուժեղ ձեռք է պետք, որ ձեռքը խփի սեղանին, ասի՝ ո՛չ, սենց պետք է լինի, ու այդպես լինի, կամ էլ մի հատ նոր Քրիստոս պետք է գա, ուրիշ բան այստեղ չի կարող լինել, երկուսից մեկը»։

Անդրադառնալով քաղաքի նախատոնական զարդարանքին՝ քաղաքացին ասաց՝ հաճելի է, ինքն էլ է երեկ հրապարակում եղել, հիացել գեղեցկությամբ, բայց․

«Սոված ստամոքսով չես կարող հաճելի գեղեցկությանը նայես։ Մի բան էլ կա, այս թանկացումների համեմատ՝ աշխատավարձերն էլ պետք է բարձրանան, չպետք է միայն խորհրդարանի աշխատողները պրեմիաներ ստանան, աշխատավարձեր ստանան՝ բարձր, շատ բարձր, ահավոր բարձր։ Էս ժողովուրդը մեղք է, իրենց էլ է պետք պահել, եթե իրենց չպահեցին, վերևները չեն ապրի։ Էդքան բան»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս