Արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասին․ Հնդկաստանի վարչապետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ 20-յակում (G20) իր երկրի նախագահության սկսվելու առթիվ դեկտեմբերի 1-ին կոչ է արել միասին պայքարել արդիականության ընդգրկուն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, համավարակը և կլիմայի փոփոխությունը:
«Ավելի լավ է միասին պայքարել մեր առջև ծառացած մեծագույն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը և համավարակը»,- գրել է նա իր Twitter-ի էջում:
Մոդիի խոսքով՝ G20-ում իր նախագահության շրջանակներում «Հնդկաստանը կձգտի ապաքաղաքականացնել պարենի, պարարտանյութերի և բժշկական արտադրանքի մատակարարումները, որպեսզի աշխարհաքաղաքական լարվածությունները չհանգեցնեն հումանիտար ճգնաժամերի»:
«G20-ի շրջանակներում Հնդկաստանը կձգտի նպաստել միասնության հետագա առաջխաղացմանը, որը ոգեշնչված է իր նախագահության «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա» թեմայով»,- ընդգծել է Մոդին:
Հնդկաստանի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել G20-ի նախորդ նախագահներին «նշանակալի արդյունքների հասնելու համար»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հնդկաստանի վարչապետը, G20-ում նախագահությունն իր երկրի համար կլինի «ներառական, հավակնոտ, վճռական և գործողությունների միտված»:
Նա ընդգծել էր, որ Հնդկաստանը ստանձնում է պատասխանատվությունը հանուն միավորման այն ժամանակ, երբ աշխարհը միաժամանակ պայքարում է աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անկման, սննդամթերքի և էներգակիրների գների աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի երկարաժամկետ հետևանքների դեմ: