Բաժիններ՝

Փետրվարին օրենք հանեցին, ԱՊՊԱ-ն 3000 դրամ թանկացրեցին, մարդիկ ասացին՝ լավ, սրա եղածն ի՞նչ է, բայց չհասկացան իրականությունը. Պողոս Օղլուկյան

Վարորդներին հունվարից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություն է սպասում։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ մրցակցությունը գներով է լինելու, և որպեսզի շատ հաճախորդ ունենա՝ պետք է ավելի հարմար գին առաջարկեն:

10-15 տոկոս վարորդների համար գինն իջնելու է, մոտ 30 տոկոսի համար գինը չի փոխվի, կամ շատ քիչ՝ 1-2 տոկոս, ևս մոտ 55 տոկոս վարորդների համար մինչև 30-40 տոկոս կարող է բարձրանալ գինը։ 23 կատեգորիա է տրվելու վարորդներին, օրինակ՝ առաջին կատեգորիայինը լինելու է 15 հազար դրամ, վերջինը՝ 86500 դրամ: ԱՊՊԱ-ի համար նկատելի բարձր կվճարեն ղեկին խիստ ռիսկային վարք ունեցող, երթևեկությունում վտանգ ներկայացնող մեքենայատերերը։ Համակարգն առանձնացնելու է շատ խախտումներ ու տուգանքի ակտեր ունեցողներին։

«Այսինքն, Ճանապարհային ոստիկանության հետ միասին, ԱՊՊԱ բյուրոն որոշեց հարցը վերցնել իր ուսերին ու երթևեկության անվտանգություն ապահովե՞լ: Ոչ թե պետք է տուգանք ավելացնեն, նոր խախտումներ հնարեն, այլ պետք է փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ են մարդիկ խախտումներ անում: Եթե խախտում է անում, քանի որ մեքենա վարել չգիտի, ապա այդ մարդը պետք է կրկին քննություն հանձնի, սակայն կարող է այնպես լինել, որ մարդը սխալ կահավորանքի պատճառով խախտում անի, ու այս դեպքում անհրաժեշտ է խնդիրը վեացնել»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ հույս հայտնեց, որ եթե մրցակցություն լինի՝ լավ կլինի: Սակայն, նրա կարծիքով, պետք է որոշակի ոգևորիչ քայլեր լինեն՝ ուղղված բոլոր առումներով լավ վարորդներին:

Կարդացեք նաև

Վարորդները կարևորեցին նաև այն, որ Բոնուս-Մալուս դասը կազմված լինի վարորդի տուգանային պատմությամբ, քան վթարներով, իսկ մեքենայի ապահովագրական վճարը մեքենայի շուկայական արժեքով որոշվի, քան ձիաուժերի քանակով:

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ դեմ է ապահովագրությանը:

«Ո՞վ է ասել, որ ապահովագրությունն անպայման պետք է լինի: Թելադրում են՝ այս տարի այսքան կվճարեք, մյուս տարի էլ՝ այսքան: Մի աբսուրդ վիճակ է: Փետրվարին օրենք հանեցին, ԱՊՊԱ-ն 3000 դրամ թանկացրեցին: Մարդիկ ասեցին՝ լավ, սրա եղածն ի՞նչ է, ամիսը 250 դրամ է, բայց չհասկացան իրականությունը:

Տեսեք, եթե առաջ մի մեքենայի հարվածում էիր, ապա հաջորդ տարի ԱՊՊԱ-ն թանկանում էր 16 տոկոսով, իսկ հիմա 100 տոկոսով է թանկանում: Իսկ եթե 1 մլն 800 հազար են հատուցել, ապա հարվածող վարորդն ընկնում է 23-րդ դաս և իր տարեկան վճարը 300 տոկոսով թանկանում է: Օրինակ, եթե 2 հոգի ունենան Nissan Tiida մեքենա, մեկի մեքենան լինի 2018 թվականի, մյուսինը՝ 2016թ., տարեկան ապահովագրությունը երկուսն էլ նույն չափով են վճարում, սակայն, եթե վթար եղավ, ապա 2018թ. մեքենայի տիրոջը վճարում են 100 տոկոսով, 2016թ. մեքենայի տիրոջը՝ 50 տոկոսով, և պատճառաբանում են, որ մեքենան 5 տարեկանից մեծ է: Այդ դեպքում գոնե ԱՊՊԱ-ն վճարելու ժամանակ այս երկրորդ վարորդից 50 տոկոսով քիչ գումար գանձեն»,- նշեց Պողոս Օղլուկյանը:

Հավելենք, որ վարորդների կատարած խախտումների, տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ԱՊՊԱ-ին: Կենտրոնական բանկը «ՀՀ կառավարության 2011 թ․ հունվարի 13-ի N 15-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։

ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։

Սակայն սկսած 2023 թվականից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին՝ խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։

Տեսանյութեր

Լրահոս