«Ումի՞ց ինչ ենք ակնկալում, այս իշխանությունների՞ց, նրանց համար միևնույն է, թե այս երկրում քանի երեխա զոհվեց, քանիսն են այդ վտանգի տակ»․ Սոֆյա Հովսեփյան

Դեկտեմբերին Երևանում սպասվող «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ՝  մայրաքաղաքում, արդեն մի քանի օր է` ընթանում են քաղաքը «հարդարելու» աշխատանքներ։ Այս ամենը հասարակության մի մասի մոտ տարակուսանք է առաջացել առ այն, որ 44–օրյա պատերազմում հազարավոր և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման արդյունքում 200-ից ավելի զոհ է եղել, մինչդեռ իշխանություններն իր անզուսպ գործողություններով չի հարգում նրանց հիշատակը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ «Եվրատեսիլի» ժամանակ տարբեր երկրներից Հայաստան եկող հյուրերին պետք է պատշաճ դիմավորել, հատկապես, երբ նրանք գալիս են Հայաստանը նաև ճանաչելու և գումար թողնելու, սակայն այդ ամենը պետք է անել զուսպ։

«Այստեղ մենք ոչ թե պետք է խոսենք միայն այս հարցից, այլ այն բոլոր ճոխություններից, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ ԱԺ-ի ուղեգորգերի 34 մլն դրամը, ԱԺ նախագահի 54 միլիոնանոց մեքենան կամ տարին երկու անգամ ջեռուցման համակարգ փոխելը և նմանատիպ հազարավոր բաների մասին։ Խնդիրն այն է, որ իմ, մեզ նման մարդիկ ինտենսիվ ձևով, սեփական միջոցներով բանակի ու առաջնագծի կահավորմամբ են զբաղվում, դրան զուգահեռ՝ բոլոր պետական օղակներն իրենց ճոխություններ են թույլ տալիս, ինչի արդյունքում էլ այսօր ունենք սահման, որը կահավորված չէ։ Զինվորը կանգնած է բաց երկնքի տակ, վտանգված, առանց խրամատի ու կահավորման։ Մենք սեպտեմբերի 13-ին տեսանք, թե քանի երեխա նորից այդ անտերության հետևանքով զոհվեցին»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա, նման պատրաստություններ տեսնելու հարցում, իհարկե, պետք է ու պարտավոր էին զուսպ լինել, սակայն ո՞վ պետք է լինի, ումի՞ց են նման բան ակնկալում, իշխանությունի՞ց, որը որևէ ցավ չի ապրում զոհված երեխաների կյանքի համար։

Կարդացեք նաև

«Ումի՞ց ինչ ենք ակնկալում, այս իշխանությունների՞ց, նրանց համար միևնույն է, թե այս երկրում քանի երեխա զոհվեց, քանիսն են այդ վտանգի տակ։ Նրանց համար այս երեխաների կյանքը միևնույն է, հիմա մենք սպասում ենք, որ նրանք ասելու են՝ ճոխություններ թույլ չտանք, սահմա՞նը կահավորենք, իհարկե, ոչ մի բան չեն անելու։ Եթե բոլորին թվում է, թե քաղաքը չլուսավորելով՝ իրենք մտածելու են զինվորի մասին, սխալվում են, նրանց համար զինվորն արժեք չունի։ Առաջին դեմքի կինն ամեն անգամ արտահայտվում է, իրենց համար այդ երեխաները մեկ բուռ հող էլ չարժեն։ Որքան էլ այսպես խոսենք, որևէ բան չի լուծվելու, պետք է վերջնական լուծում տրվի՝ չկան իրենք, չկա նաև այդ անտարբեր վերաբերմունքը։ Այս նույն անտարբեր վերաբերմունքն ունի այսօր նաև հասարակությունը, երեկ են 13 երեխայի մարմին փոխանցել, տեսե՞լ եք մեկին հասարակության ներսում, որը սգում է»,- շեշտեց նա։

Հարցին՝ նախկին իշխանություններին հասարակական կազմակերպությունները սուր քննադատում էին՝ բյուջեից այս կամ այն միջոցառմանը գումարներ հատկացնելու համար, այսօր այդ կազմակերպություններն ինչո՞ւ են լռում, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ անձամբ քննադատել է նախկին քաղաքապետին դրոշի սխալ տպագրության և անփույթ վերաբերմունքի համար, անձամբ է հանդիպել ու պահանջել, որպեսզի այդքան դրոշներ չտպեն։

«Իհարկե, ես այդ ամենը շատ լավ հիշում եմ։ Բայց հիմա բոլորն էլ լուռ են, բոլորը նույն ՀԿ-ից եկած մարդիկ են, նույն ՀԿ-ից լափած, հիմա էլ ինչ-որ աստիճանների նստած են, իրենք գիտեն, որ սրանց նստելն իրենց համար օգուտ է, բոլորի համար կանաչ լույս է վառված։ Նրանք բոլորն էլ նույն ոճի են, կարծես նույն մորից ծնված լինեն։ Իսկ այն մեկ-երկու ՀԿ-ներն էլ որ քննադատում են իշխանությանը, հասարակության կողմից քարկոծվում են»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս