ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ
2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. այս անգամ պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։
1 միլիարդ 230 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր Հակոբջանյանի ընտանեկան բիզնեսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կնքել է նոյեմբերի 18-ին. այս գումարով ընկերությունն ասֆալտապատելու է Հայաստանի Սյունիքի մարզի Քաշուն գյուղից Բարձրավան տանող ճանապարհը։
Նշենք, որ Հակոբջանյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանում և Արցախում մեկ անձից գնումների առաջատարն է. այս ընկերությանն են վստահվում միլիարդավոր դրամներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ասֆալտ փռելու կամ բնակարանաշինության ծրագրեր իրականացնելու համար։
Բացի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 449 մլն դրամի՝ վերանորոգելով Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածը։
Նշենք, որ «Կապավոր» ՍՊԸ-ի սեփականատերերը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներն են՝ Արման Հակոբջանյանը (93,75%), Արայիկ Հակոբջանյանն (3,75%) ու Լիլիթ Հակոբջանյանը (2,5%)։ Վերջինը Արցախի Հանրապետության նախագահի առողջապահության հարցերով խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արման Հակոբջանյանը ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է։ Նրա անունը կապվում է նաև Սևանա լճի ափին՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարևանությամբ կառուցված շքեղ առանձնատան հետ։