Ստեփանակերտում մեկնարկել է ակադեմիկոսների ու վերլուծաբանների մասնակցությամբ Արցախյան հիմնախնդրի թեմայով գիտագործնական համաժողով

Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովը, որը կընթանա մինչև նոյեմբերի 26-ը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից կազմակերպված գիտագործնական համաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտավերլուծական տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ ու պատմաբաններ:

Համաժողովի բացման խոսքում՝ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ ներկայացված տեսակետների, առաջարկությունների, քննարկումների արդյունքներն ու եզրակացությունները կարևոր ուղերձ կդառնան ազգային միասնության և նոր վերածննդի ու ազգային պետականության ամրապնդմանն ուղղված գաղափարների իրագործման համար:

«Կարծում եմ, որ համաժողովի ընթացքում ներկայացված տեսակետներն ու դրանց քննարկումների արդյունքում ընդունված գաղափարները միաժամանակ կներկայացնեն միջազգային համապատասխան կառույցներում տարածաշրջանում քաղաքական հետաքրքրություն ունեցող երկրներին և ըստ այդմ գործնական կիրառություն կստանան»,-հավելեց Վ. Բալայանը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը:

Կարևորելով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա առանձնահատկություններին, մարտահրավերներին ու Արցախի դիրքորոշմանը:

«Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը: Մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար: Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին: Հակամարտության կարգավորումը, տևական խաղաղությունն ու կարգավորումը տարածաշրջանում անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման , այդ թվում բոլոր հնարավոր ձևերով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացվող գործողությունները»,-ընդգծել է Արցախի ԱԺ խոսնակը՝ փաստելով, որ Ադրբեջանը ցայսօր խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք ըստ նրա, որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես խաղաղապահ առաքելության չեզոքացման դրսևորում:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ: Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակի և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանա համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը»,-ասաց Ա. Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ստեփանակերտում մեկնարկած գիտաժողովը հետաքրքրիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռի քննելու ձեռքբերումներն ու թերացումները՝ ներկայիս մարտահրավերները գիտագործնական հարթության վրա ուսումնասիրելու և համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու ուղղությամբ:

Արցախի պետական նախարարի խորհրդական Նարինե Աղաբալյանը գիտագործնական համաժողովը մասնակիցներին ներկայացրեց պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքը, որում նա կարևորել է գիտնականների, վերլուծաբանների, քաղաքական- հասարակական գործիչների անելիքները Արցախի համար կարևորագույն խնդիրների կարգավորման գործում:

«Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում: Ուստի առկա իրողությունների վերլուծությունն ու քննարկումը չափազանց կարևոր է մեզ համար: Վստահ եմ այսօր՝ այստեղ, արժեքավոր մտքեր են հնչելու և քննարկումներ են ծավալվելու ի շահ Արցախի Հանրապետության: Մեր նպատակն է ապահովել Արցախի որպես լիարժեք սուբյեկտի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում՝ հասնելու արցախահայության համար միջազգային մեխանիզմներով երաշխավորված անվտանգության:Ժամանակն է բարձրացնելու Արցախի ճանաչելիությունը: Արցախը ոչ միայն հակամարտության գոտի է, այլև երկիր, որտեղ օրինակ 30 հազար երեխա է ապրում, որտեղից սերում են աշխարհին հայտնի տաղանդավոր ու հեղինակավոր մարդիկ, որտեղ համամարդկային, հայկական և քրիստոնեական բազում արժեքներ են արարվել ու պահպանվում: Մեր բոլորիս ջանքերն այս ճգնաժամային օրերին ուղղված են Արցախի համար կարևորագույն այս խնդիրների կարգավորմանը, որում անշուշտ մեր գիտնականները վերլուծաբանները, քաղաքական- հասարակական գործիչները լուրջ անելիք ունեն և մենք ապավինում ենք ձեր, համայն հայության օգնությանն այս հարցում»,- մասնավորապես նշել է Արցախի պետնախարարի ողջույնի խոսքում:

Բացման արարողությունից հետ «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, շարունակվել է թեմատիկ զեկուցումներով:

 

Տեսանյութեր

Լրահոս