ՀՀ-ն և Իրանն աշխատում են բարտերով առևտուր անելու ուղղությամբ. առևտրային կցորդը՝ երկրների տնտեսական հարաբերություների մասին

Հայաստանը և Իրանը բոլոր ուղղություններով խորացնում են տնտեսական հարաբերությունները, մտածում են համատեղ արտադրությունների հիմնման մասին, աշխատանքներ են տարվում նաև բարտերի տարբերակով առևտուր անելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններից է խոսել Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը:

-Պարոն Կոստանյան, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին 9 ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 45 տոկոսով, ընդ որում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 83.2 տոկոսով` կազմելով 84 մլն 648.0 հազար դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 39.2 տոկոսով: Ձեր գնահատմամբ ի՞նչն է նպաստել աճի նման տեմպին:

-Դա պայմանավորում ենք մի քանի հանգամանքով: Երկու կառավարությունների կողմից եղել է հստակ հայտարարություն՝ տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու և երկու երկրների գործարարների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու: Աճը պայմանավորված է նաև միջազգային վերջին զարգացումներով, ԵԱՏՄ անդամ այլ երկրների միջազգային առևտրի աշխարհագրության, առևտրական քարտեզի փոփոխությամբ, ինչպես նաև՝ երկու երկրների տնտեսությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ: Օրինակ՝ Իրանում բազմաթիվ ցուցահանդեսներ են տեղի ունենում, որի մասին տեղյակ ենք պահում մեր գործարարներին: Որոշ ընկերություններ կան, որ, օգտվելով այդ հնարավորությունից, իրանցի գործընկերներ են գտել: Եվ շատ ուրախալի է, որ այդ ընկերությունները Իրանից ներմուծել են ոչ միայն պատրաստի արտադրանք, այլ նաև հումք, որով Հայաստանում արտադրվել է վերջնական արտադրանք: Առևտրաշրջանառության աճն այսպիսով պայմանավորված է երկու կառավարությունների վարած տնտեսական քաղաքականություններով և տեղեկատվության փոխանակումով: Մենք նաև փորձում ենք հանդիսանալ կամուրջ՝ դեպի ԵԱՏՄ երկրներ: Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Եվ մեր բոլոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում ենք այդ մասին, որպեսզի իրանցի գործարարների համար նույնպես պարզ լինի, թե Հայաստանն ինչ հնարավորություններ կարող է ընձեռել: Նրանք ոչ միայն դիտարկում են առանձին Հայաստանի շուկան, այլ նաև Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Իրանի և ԵԱՏՄ-ի միջև գործում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, կան որոշ ապրանքատեսակներ, որոնք էականորեն նվազեցված, գրեթե զրոյի հասցված մաքսատուրքերով են ներմուծվում: Հաջորդ տարի բանակցությունները շարունակվելու են՝ ապրանքատեսակների ցանկն էլ ավելի մեծացնելու համար: Այս հանգամանքներն ազդեցություն ունեցել են:

-Իրանական շուկային հայկական ի՞նչ ապրանքներ են հատկապես հետաքրքրում, Հայաստանից հիմնականում ի՞նչ ապրանքներ են արտահանվում Իրան, այդ ավելի քան 84 մլն ծավալը հիմնականում ո՞ր ապրանքատեսակների արտահանման հաշվին է ապահովվել: Եվ Հայաստանն Իրանից հիմնականում ի՞նչ է ներմուծում:

-2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանված հիմնական ապրանքատեսակներն են էլեկտրաէներգիա, սիգար, սիգարիլլա, սիգարետ, երկաթ և չորակավորված պողպատ՝ ձուլակտորով, շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ, շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարողություն։ Իսկ նույն ժամանակ Իրանից Հայաստան ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են եղել բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք՝ ոչ հում, ձողեր երկաթից կամ չորակավորված պողպատից տաք գլանվածք՝ առանց հետագա մշակման, բանջարեղեն՝ թարմ կամ սառեցրած, սուլֆիդներ և բազմասուլֆիդներ։ Արտահանման համար շատ կարևոր է հաշվի առնել Իրանի տնտեսության կառուցվածքը և պետության վարած տնտեսական քաղաքականությունը: Իրանական կառավարությունը թույլ չի տալիս ներմուծել այն ապրանքները, որոնցից Իրանն արտադրում է: Գրեթե անհնար է որևէ արտադրատեսակի ներմուծումն Իրան, եթե դրա արտադրությունը երկիրն ունի:

-Պարոն Կոստանյան, դուք Իրանում Հայաստանի առևտրային կցորդ եք նշանակվել 2021-ին: Ձեր գործունեության այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում ի՞նչ խոչընդոտներ եք նկատել և ի՞նչ քայլեր եք ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ: Երկու երկրների առևտրային հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում:

-Սկզբում, երբ ես հանդիպումներ էին ունենում իրանցի գործարարների հետ և ներկայացնում Հայաստանը, ինձ մոտ տպավորություն էր, որ իրականում հիմնական խոչընդոտներից մեկը տեղեկատվության պակասն էր, թե օրինակ ինչ է ներկայացնում Հայաստանի տնտեսությունը: Օրինակ, երբ իրանական կողմն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, մենք ասում ենք, որ գուցե փոքր է, բայց առաջարկում ենք Հայաստանով ԵԱՏՄ շուկա դուրս գալ: Փոխադարձ տեղեկատվության պակաս կա, որը մենք փորձում ենք լրացնել: Այսօր ունենք բազմաթիվ տեղեկատվական նյութեր՝ պարսկերենով թարգմանված, և մեր հանդիպումների, բիզնես ֆորումների ժամանակ տրամադրում ենք իրանական ընկերություններին, որպեսզի ավելի լավ ու ավելի մոտիկից ճանաչեն: Ինչպես նաև կազմակերպում ենք իրանցի գործարարների այցեր Հայաստան: Այս ամենն իր արդյունքները տալիս է: Այս աշխատանքը երկկողմանի է, այսինքն՝ և ՀՀ կառավարության, և Իրանի կառավարության կողմից կա տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու, սերտացնելու հանձնառություն: Խոչընդոտներից է նաև այն, որ մեր հարևան երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ: Տնտեսական հարաբերությունները ձևավորելիս՝ մենք դա շատ լավ հաշվի առնում ենք:

Մենք նաև փորձում ենք իրանական ընկերություններին ներկայացնել ենթակառուցվածքների միջազգային մրցույթները: Իրանում կան բազմաթիվ կարող ընկերություններ ճանապարհաշինության ոլորտում, որոնք կարող են մասնակից դառնալ դրանց:

-Իրանում առևտրի կցորդի հաստիք ստեղծելու որոշմամբ նշվում էր, որ առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքրվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը: Այս ընթացքում իրանական ի՞նչ ընկերություններ են հետաքրքրվել Հայաստանի ներդրումային հնարավորություններով, դրանցից քանի՞սն է Հայաստանում ներդրում կատարել կամ պատրաստվում կատարել, ի՞նչ ընկերություններ են դրանք: Իրանական բիզնեսին Հայաստանի ներդումային դաշտը գրավո՞ւմ է:

-Իմ հիմնական գործառույթներից է Հայաստանի ներդրումային գրավչությունները ներկայացնելն ու երկիր ներդրումներ բերելը: Երբ ասում ենք, որ Հայաստանը կամուրջ է դեպի ԵԱՏՄ շուկա, նկատի ունենք նաև համատեղ արտադրանք: Քանի որ էներգակիր ռեսուրսներն Իրանում ավելի մատչելի են, քան Հայաստանում, շատ հետաքրքիր կլինի ունենալ համատեղ նախագծեր և մի հատվածը արտադրել Իրանում, մյուս հատվածը՝ Հայաստանում և այդ ապրանքատեսակով ԵԱՏՄ շուկա մուտք գործել: Երբ հանդիպում ենք գործարարներին, հիմնականում դա ենք բացատրում: Դարպաս դեպի ԵԱՏՄ ասելով՝ նկատի չունենք պարզապես պատրաստի ապրանքատեսակները հասցնել ՌԴ, մենք առաջարկում ենք մտածել համատեղ արտադրությունների մասին: Եվ կառավարությունն այդ դեպքում աջակցում է ծրագրերի իրականացմանը: Այս մեկ տարվա ընթացքում ես 100-ից ավելի ընկերությունների հետ եմ հանդիպել Իրանում, և հանդիպման գլխավոր առանցքը եղել է Հայաստանում ներդրումներ կատարելը, Հայաստանի ներդումային գրավչությունը բացատրելը, ինչպես նաև ներկայացնել կառավարության այն տնտեսական քաղաքականությունը, որը կարող է շահավետ լինել իրանցի գործարարների համար այստեղ ներդրում կատարելու համար: Արդյունքներ, իհարկե, կան, օրինակ՝ Լեռնագոգ գյուղում Քարակերտի քարաձուլման գործարանը: Դա ամբողջությամբ իրանական ներդրում է, շուրջ 4 մլն դոլար ներդրում արդեն կատարել են, ավելի քան 80 աշխատողներ ունեն: Կարծում եմ՝ առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում նաև դրա բացման արարողությանն ականատես կլինենք: Առաջին փուլով արտադրվելու են երկաթե ձուլակտորներ, երկրորդ փուլի համար մտածում են ամրանների արտադրության մասին: Ներդրումը փաստացի արդեն կատարված է և արտադրանք է տալիս: Ծրագիրն աջակցություն է ստանում Էկոնոմիկայի նախարարության կողմից: Կան շատ այլ ծրագրեր ևս, որոնք դեռ գործնական փուլ չեն մտել:

– Հայտնի էր դարձել, որ Թեհրանն առաջիկայում պատրաստվում է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոն բացել: Մանրամասներ կներկայացնե՞ք ծրագրից, ե՞րբ կգործի այդ կենտրոնը, կարելի՞ է իրանական ներդրում համարել Հայաստանում: Եվ Իրանում նմանատիպ հայկական ապրանքների առևտրի կենտրոն բացելու մտադրություն կա՞, ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Դրա բացումը ի՞նչ ժամկետում է հնարավոր, ի՞նչ հեռանկարներ կբացի այն:

-Ներդրումների մասին խոսելիս սա ևս կարող ենք օրինակ բերել: Խոսքն ավելի քան 5 մլն դոլարի մասին է: Այս ծրագիրն իրականացվում է հայկական կողմի աջակցությամբ: 100-ից ավելի իրանական ընկերություններ ներկայացված են լինելու տվյալ կենտրոնում: Այդ կենտրոնում հայ և իրանցի գործարարները կարող են ուղիղ հանդիպումներ ունենալ, լինելու է կոնֆերանսների դահլիճ, նրանք կարող են քննարկել ոչ միայն ապրանք ձեռք բերելու, այլ նաև համատեղ արտադրություն հիմնելու հարցեր: Այսինքն՝ դա շատ լավ հարթակ կլինի երկու գործարարների համատեղ հանդիպման, բիզնես գործարքների շուրջ պայմանավորվելու, հետագայում տվյալ արտադրատեսակը Հայաստանում արտադրելու համար: Կենտրոնը բաղկացած է լինելու երկու մասից, շուրջ 2000 քմ հատվածում լինելու են նավթաքիմիայի հետ առնչվող ոլորտային արտադրանքները, 18 000 քմ տարածքում՝ այլ բազմաթիվ ոլորտների արտադրանքներ: Ներկայացված են լինելու իրանական շատ լուրջ ընկերություններ, որոնք պատմության մեջ առաջին անգամ են Իրանից դուրս մասնաճյուղ բացելու և իրենց արտադրանքը ներկայացնելու: Դա կամրապնդի հայ և իրանցի գործարարների բիզնես կապերը: Կենտրոնի բացումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մինչև 2 ամսվա ընթացքում: Այն լինելու է Առինջ մոլի մոտակայքում:

Իսկ ինչ վերաբերում է Իրանում հայկական ապրանքների առևտրի կենտրոն բացելուն, ապա մեր ունեցած բազմաթիվ հանդիպումների, պաշտոնական փոխայցերի ընթացքում բարձրաձայնում ենք մեր այդ մտադրության մասին: Նախնական դրական տրամադրվածություն կա իրանական կողմում: Հիմա բանակցություններն ակտիվ փուլում են: Պետք է անպայման հաշվի առնենք տվյալ երկրի տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները: Դրանից հետո, երբ վերջնական տեսքը կլինի, հնարավոր կլինի խոսել ժամկետների և այլ մանրամասների մասին: Այս դեպքում հայ գործարարները պետք է պատրաստ լինեն ներդրումներ կատարելուն: Այն գործարարները, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքը դեպի իրանական շուկա արտահանելու հեռանկարով, այդ խողովակով կարող են օգտվել այդ հնարավորությունից:

-Եվ վերջում պարոն Կոստանյան, ի՞նչ կցանկանք ավելացնել հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ, ամփոփելով, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ի՞նչ ներուժ, հեռանկար եք տեսնում:

Մի քանի կարևոր հանգամանք եմ ուզում մատնանշել: Առաջին կարևոր հանգամանքը վարչապետի՝ Իրան այցի շրջանակում ստորագրված գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի ժամկետի երկարաձգումն է, որն իսկապես շատ կարևոր ձեռքբերում է: Կարևորում եմ նաև երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտը, աշխատանքի մեծ մասն ավարտված է: Հուսով ենք, որ մոտակա ժամանակահատվածում մնացած հատվածն էլ կավարտվի: Դա արտահանման ծավալների աճի հնարավորություն է ընձեռում:

Տնտեսական հարաբերությունների աշխուժացման, խորացման ուղղությամբ կարևոր հանգամանք է նաև ապրանքների փոխադրման մեխանիզմի՝ այսինքն բարտերի ստեղծումը երկու երկրների միջև: Այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Երկու երկրների կողմից հայտնի են երկու օպերատոր ընկերությունները, որոնք մի քանի անգամ հանդիպել են, մեխանիզմները մշակել են արդեն: Եվ մոտակա ժամանակահատվածում արդեն փաստաթուղթ կստորագրվի, որի շրջանակներում արդեն այս մեխանիզմով նույնպես հնարավորություն կընձեռվի հարաբերությունները աշխուժացնել: Ինչպես հիմա կա էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց, կարող է լինել՝ ապրանք՝ ապրանքի դիմաց:

Բոլոր ուղղություններով տնտեսական հարաբերությունները զարգանում են, խորանում են: Իսկ առկա խնդիրների ուղղությամբ փորձում ենք լուծումներ գտնել՝ փոխադարձ շահերը պահելով:

Տեսանյութեր

Լրահոս